Երկուշաբթի երեկոյան Բաքվում հարձակում է իրականացվել ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Գյունայ Իսմայլովայի դեմ։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 20․30֊ի սահմաններում մետրոյի «Նեֆտչիլյար» կայարանի մոտ գտնվող բազմաբնակարան շենքի շքամուտքում։
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է Իսմայլովան, երբ նա մտել է շքամուտք, իրեն հետապնդած 28֊30 տարեկան տղամարդը բռնել է կոկորդից ու փորձել մարմնական վնասվածքներ հասցնել։
«Նա բռնել էր կոկորդս ու փորձում էր ձեռքով փակել բերանս։ Ես, սակայն, կտրուկ շրջվեցի ու նրա ձեռքում ինչ֊որ իր տեսա։ Սկսեցի բղավել ու ոտքով հարվածել առաջին հարկում գտնվող բնակարանի դռանը։ Երբ հարևանները դուրս եկան, այդ մարդը փախավ։ Նա ոչինչ չի ասել։ Միջին հասակի էր, կողոպտելու նպատակ չուներ, քանի որ չէր փորձում խլել պայուսակս։ Ձեռքին ինչ֊որ իր ուներ, որով փորձում էր հարվածել ինձ»,֊ պատմել է իրավապաշտպանը։
Միջադեպի մասին Իսմայլովան տեղեկացրել է Ոստիկանության հերթապահ ծառայությանը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ։
Իսմայլովայի քույրն ասել է, որ վերջին օրերին իրենց տան շրջակայքում տեսել է նկարագրված տղամարդուն։ Կնոջ խոսքով՝ նա նայել է իրենց բնակարանի պատշգամբի ուղղությամբ։
Գյունայ Իսմայլովան նախկինում զբաղեցրել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ Ներկայումս պաշտպանում է այդ կառույցի շահերը:
Ինստիտուտի գրասենյակը փակվել է դատախազության կողմից խուզարկվելուց հետո։ Իսմայիլովան, ինչպես նաև կառույցի մյուս աշխատակիցները, բազմիցս հարցաքննության են ենթարկվել։ Դատախազությունն արգելել է իրավապաշտպանի ելքը երկրից։