«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանը հունիսի 5-ին դիմել է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել ստորին ատյանների դատարանների վճիռները, համաձայն որոնց ԱԱԾ աշխատակցի դեմ քրգործ չհարուցելու ՀՀ դատախազության որոշումը հիմնավոր է։
Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ-ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում Մանուկյանին։
Վճռաբեկ ուղարկած բողոքում Մանուկյանի փաստաբանը նշում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների վճիռները անհիմն են, կայացվել են դատավարական նորմերի խախտումներով։
«Հրայր Մանուկյանի` դատախազություն ներկայացված հաղորդման և ձայնագրության համադրումից ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը):
Այն, որ Մանուկյանի հավաքագրելու փորձը պայմանավորված է եղել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ լինելու և քաղաքական գործունեության հետ, ապացուցվում են ձայնագրությունում առկա, ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանի հետևյալ խոսքերով.
«Ես չեմ կարա երաշխավորեմ, ասենք, որ մի երկու ամիս հետո մամուլում մի հատ բոմբ չի պայթի «Ժառանգության», «Ժառանգության» վարչության հետ կապված, քո հետ կապված, մեկը չի հավատա, 10-ը չի հավատա, հազարը կհավատան: (…) Բայց դե էդ դու գնացիր (նկատի ունի արտերկիր֊խմբ․), մենք ստեղ ենք, մոտիկներդ ստեղ են, կուսակցությունդ ստեղ է: (…) Լավ, ասենք, կուսակցության վարչությունը հեչ, էդ պայթեց, վարի գնաց, էդ քեզ չի հետաքրքրու՞մ: Էդ մարդիկ քեզ միջնորդնել են, քեզ երաշխավորել են, տարել են վարչության կազմ»:
Այս ձայնագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից եղել է «Ժառանգություն» կուսակցության գործունեությանը միջամտելու և խոչընդոտելու փորձ:
Վերջապես տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Ենթադրյալ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել Հրայր Մանուկյանի իրավունքներին ու օրինական շահերին: Հրայր Մանուկյանի և նրա հարազատների հասցեին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի կողմից հնչել են տարբեր տեսակի սպառնալիքներ: Եթե դա արվեր այլ անձի կողմից, կարելի էր և լուրջ չընդունել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանուկյանը բոլոր հիմքերն ուներ ենթադրելու, որ սպառնալիքները հնչում են ԱԱԾ աշխատակցի կողմից, ապա այդ սպառնալիքների իրագործումը տվյալ դեպքում դառնում էր իրատեսական: Ինչի արդյունքում Մանուկյանը կարող էր ունենալ հոգեկան ապրումներ, անհանգստություններ, այդ հանգամանքը կարող էր ազդել, որ նա այլևս չզբաղվի հասարակական կամ քաղաքական գործունեությամբ և այլն», ֊ նշված է բողոքում: