Նոր Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժումը, որը գլխավորում են «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշում է կայացրել շուրջօրյա նստացույց սկսել Ազատության հրապարակում։ Երեկ երեկոյան շարժումը հանրահավաք, ապա Երևանի փողոցներով երթ անցկացրեց, որի ընթացքում վիճաբանության մի քանի դեպքեր և ոչ լուրջ բախումներ եղան երթի մասնակիցների և ոստիկանների միջև։ Մասնավորապես, ոստիկանները երթի ընթացքում փակեցին դեպի իշխող Հանրապետական կուսակցության շենք տանող ճանապարհը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր ծաղկեփնջով մոտենալ ՀՀԿ֊ի շենքին։
Մոտ 3 ժամ տևած երթից հետո շարժման առաջնորդները համակիրների հետ վերադարձան Ազատության հրապարակ և հայտարարեցին, որ հերթափոխով կգիշերեն այդտեղ։ Այսօր, ժամը 12։00-ին «Նոր Հայաստան» շարժման ղեկավարները կհանդիպեն լրագրողներին և քաղաքացիներին, ինչպես Հովհաննիսյանը նշեց, «տեղեկատվական երկխոսության» համար։ 18։00-ին Ազատության հրապարակում ևս մեկ հանրահավաք կանցկացվի։ Ինչպես ասել է Ժիրայր Սեֆիլյանը, դեկտեմբերի 1-ին իրենք գործընթաց են սկսել, որը պետք է բերի իշխանափոխության։
Ազատության հրապարակում հնչած իր ելույթում Սեֆիլյանը հայտարարել է․ «Մահ ռեժիմին»։
Նշենք, որ ոստիկանությունը արգելել է Ազատության հրապարակում մնացած անձանց վրաններ տեղադրել։ Գիշերը հրապարակում մի քանի տասնյակ մարդ է մնացել։