Այս գիշեր անհայտ անձինք մուտք են գործել նոր Սահմանադրության նախագծի դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» շարժման Կապանի շտաբ, որը տեղակայված է «Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակում։ Այս մասին ասված է «Նոր Հայաստան» շարժման տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության հեղինակների համաձայն, անհայտները գրասենյակ են մտել լուսամուտով։ Այս պահին շտաբի ներկայացուցիչները ստուգում են գրասենյակի գույքի ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ այսօր «Նոր Հայաստան»֊ը, որի հիմնադիրներից են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, հայտարարել է, որ այսօր շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Երևանի Ազատության հրապարակում։ Առավոտվանից շարժումն ահազանգեր է ստանում, որ մարզային մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Աբովյանում, Էջմիածնում, Գառնիում, Բյուրեղավանում, Եղվարդում, ինչպես նաև Վայոց ձորի մարզում ոստիկանության հրահանգով կասեցվում է Երևան գնացող ավտոբուսների և տաքսիների ընթացքը։