Գլխավոր / Տեսանյութեր / Արվեստագետն ԱԱԾ֊ի շենքին թղթե տանկով հարվածել է ի նշան բողոքի․ նրան դատում են

Արվեստագետն ԱԱԾ֊ի շենքին թղթե տանկով հարվածել է ի նշան բողոքի․ նրան դատում են

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ-ի շենքին հարվածելով՝ արվեստագետ Արտակ Գևորգյանը արտահայտել է իր բողոքը երկրում առկա քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի դեմ։ Այս մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ առաջին դատական նիստին այսօր ասել է գործով որպես վկա անցնող Գոհար Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ խուլիգանության մեջ մեղադրվող Գևորգյանը Ազատության հրապարակից կանաչ ստվարաթղթե տանկով քայլել է Երևանի փողոցներով և ակցիայի ողջ ընթացքում մարդիկ միայն ջերմ վերաբերմունք են արտահայտել։

«Մենք մոտեցել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրին, Սահմանադրական դատարանին։ Այդ ժամանակ մեզ մոտեցած ոստիկանները շատ հանգիստ ասել են, որ մի քիչ այն կողմով անցնենք, բայց որևէ մեկը չի ասել, որ կարգ ենք խախտում։ Իսկ մեզ հանդիպած մարդիկ ողջունել են, ժպտացել, ջերմ վերաբերմունք են արտահայտել միայն։ Հետո գնացինք Ազգային անվտանգության շենքի մոտ, էնտեղ էլ մարդ չկար և Արտակը հարվածել է պատին, դրանով ակցիան ավարտվել է։ Մենք հատուկ նպատակաուղղված չենք գնացել հենց այդ շենքի մոտ, ուղղակի էդտեղ մեզ ոչ-ոք չի արգելել մոտենալ շենքին»,- ասել է Խաչատրյանը։

Դատավորը վկայից հետաքրքրվել է՝ արդյոք այդ «ռազմական տեխնիկան» կրակում էր, թե ոչ, կամ փողոցում անցնողների, հատկապես երեխաների մոտ վախի զգացում չի՞ առաջացրել հրասայլը։

Վկան բացատրել է, որ տանկը ստվարաթղթե է և չէր կարող վտանգ ներկայացնել։ Գևորգյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դատավորի հարցերից հետո վկային թղթե ինքնաթիռ է ցույց տվել և հարցրել՝ գուցե Գևորգյանի մոտ եղե՞լ է նաև նման ռմբակոծիչ։ Դահլիճում ներկաները սկսել են ծիծաղել։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը զավեշտալի է որակել Գևորգյանի դեմ առաջադրված մեղադրանքը և հույս է հայտնել, որ ամեն դեպքում իր պաշտպանյալը մեղավոր չի ճանաչվի։

«Ինչքան էլ վատ է մեր դատական համակարգը, բայց ես չէի հավատում, որ այսպիսի գործը դատարան կհասնի, բայց ոչ միայն գործ է հարուցվել, այլ նաև դատախազությունը շատ լուրջ է տրամադրված, դա երևում է մեղադրական եզրակացությունից»,- այնուամենայնիվ, ասել է Սաֆարյանը։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ «Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով «դիտավորությամբ հարվածել է ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով»: