Home / Մշակույթ / Երբ մեռնում է զինվորը, երբ սիրում է կինը

Երբ մեռնում է զինվորը, երբ սիրում է կինը

Ստամբոլը պիտի լինի արեան ծով,
Ամէն կողմից կռիւ կը սկսի շուտով,
Կոտորենք Բաշկալէն, անցնենք հեշտ կերպով,
Աջից Վարդանը, ձախից Իշխանը,
Գրաւենք Աղբակ,
Տարածենք սարսափ,
Փա՜ռք Դաշնակցության․․․

Հայկական ռոմանտիզմը բերեց ոչ միայն ազգային ազատագրական գաղափարներ, այլ նաև սիրո, մանկության և մահվան էկզիստենցիալ հղացքները։ Դրան նախորդող հայկական կղերական գաղափարախոսությունը չգիտեր ոչ սեր, ոչ մանկություն, ոչ էլ մահ իբրև անձնական ընտրություն։ Ավելի շուտ մահը կրոնական վերահսկողությունից անցավ ազգային կուսակցական թելադրանքին․

Մի՛ լար մայրիկ, մի՛ լար, քո՛յրիկ,
Մի՛ լար, եղբայր, ամուսին,
Հայրենիքի դատին համար
Մենք հոս ընկանք միասին․․․

Զոհվածը ոչ թե զինվոր է, այլ ֆիդայի, պարտիզան, ժողովրդական հերոս։ Այս գաղափարախոսությունից բխում էր, որ հայ երտասարդի երազանքը պետք է լիներ մի օր դառնալ զոհված ազատամարտիկ։

Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններում» կա այսպիսի հատված․

«Օհանէս աղան մտածում է․ «Մեր քաշածը հերիք եղաւ․
Հերիք է, մայրիկ, դու ինձ փայփայես․․․

Նա յիշեց տարածուած երգը եւ սկսեց քթի տակ երգել․

Ես կ՛ուզեմ խմել ջրի տեղ արիւն,
Ես կ՛ուզեմ կռուել, ես կ՛ուզեմ մեռնել․․․

Յիմար խոսքեր, ―, անդրադարձավ նա, ―տխմարութիւն եւ մասամբ նորին։ «Ես կ՛ուզեմ կռուել», ―աղեկ, գովելի է, որ չես ուզել էշ նահատակ լինել, իսկ «ես կ՛ուզեմ մեռնել» ի՞նչ խոսք է։ ․․․Նա մտքում ուղղեց սխալը եւ երգեց սրբագրությամբ․

Ես կ՛ուզեմ կռուել,
Չ՛եմ ուզեր մեռնել․․․ »։

Ժամանակակից հայ ազգայնականությունը, կարծես, հետևում է «ուղղված» տարբերակին, բայց արնախում էությունը մնում է անփոփոխ։

Խորհրդային գաղափարախոսությունը, նրա գեղարվեստական մեթոդը՝ սոցռեալիզմը, որպես կենտրոնական գաղափար իր մեջ ներառնում էր հայրենասիրական ռոմանտիզմը։ Հայրենիքի համար զոհված զինվորը հերոս է, որ սրբացվում էր գրականության և արվեստի միջոցներով։

Երբ Հայաստանում սկսվեց նոր ազատագրական պայքարը, ֆիդայական հերոսական պատումը բազմիցս ուժեղացված էր խորհրդային հայրենասիրական դիսկուրսի շնորհիվ։ Մասնակիցների ընկալմամբ այն ազգային֊ազատագրական, փաստացի ֆիդայական֊պատիզանական պատերազմ էր ընդեմ բռնապետական համակարգի և կեղեքող Ադրբեջանի։

Բայց երկրորդ Ղարաբաղյան պատերազմը արդեն մի երկրի պատերազմ էր մյուս պետության դեմ, այն բանակի և զիվորի պատերազմ էր; և զոհվում էր ոչ թե հերոս ազատամարտիկը, այլ շարքային զինվորը։ Իսկ ի՞նչ է զինվորի մահը։

ց Դա տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ արմատապես փոխեց մարդկության պատկերացումը պատերազմի էության և քաղաքական գաղափարախոսության մասին։

Բազմաթիվ գրողներ և արվեստագետներ կամավոր մեկնեցին ռազմաճակատ՝ կռվելու իրենց հայրենիքի հաղթանակի համար։ Էական է, որ շատ արվեստագետներ և գրողներ այս անտանելի կենսափորձի շնորհիվ բացահայտեցին ժամանակակից պատերազմի դժոխային էությունը։ «Խրամատային պոետները» տեսան զինվորին և նրա մահը, այն ինչ հասարակությունը և քաղաքականությունը մերժում էին տեսնել։

Բայց ի՞նչ է զինվորի մահը պոեզիայի համար։ Ինչպե՞ս կարող է անհայտ զիվորի մահը առնչվել պոեզիայի հետ։ Ոչ որպես տեսարան, նույնիսկ ոչ որպես համապրում և կարեկցանք։ Այդ պոեզիայի հիմքում ճակատագրով տրված պոետի և անհայտ զինվորի արյունակցական կապն է։

Երկրորդ Ղարաբաղյանը տվեց մեր սեփական «խրամատային պոեզիան», որի ամենանշանակալի հեղինակներից է Գեմաֆին Գասպարյանը։ Գեմաֆին Գասպարյանի նոր գիրքը՝ «Պարտության պատմություն» [Գասպարյան Գեմաֆին․ Պարտության պատմություն: Պոեզիա -Եր.։ Գրանիշ, 2024.– 120 էջ, հղումները ըստ այդ գրքի] ոչ միայն պատերազմի մասին է, այլ հատկապես պարտության և հոգեկան խեղման, ինքնության և սուբյեկտիվության ջնջման։

Պատերազմը դիմում է մեր գոյության հիմքերին՝ մերկացնելով և ստիպելով վերանայել «սովորական» հասկացությունները՝ ազգություն, մահ, ընտանիք, սեր, հիշողություն… Գեմաֆին Գասպարյանի գրքում վերանայումը անընդհատ է։

Պարտությունը հանրային խեղման անունն է, որ մենք շարունակում ենք վերապրել։ Հեղինակը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել է իբրև կամավոր, մարտերով անցել նահանջի ճանապարհը Ջեբրայիլից մինչև Զանգելան։ Էական է, որ նա պատերազմին մասնակցել է լինելուվ սկզբունքային պացիֆիստ։

Այն ինչ ազդում է ընթերցողի վրա այս գիրքը կարդալիս՝ կենսափորձի ներխուժման պահն է լեզվական հյուսվածք, երբ լեզուն  տրավմատիկ փորձառության վկայություն է։ Հատկապես կարևոր եմ համարում նրա «Ջաբրայիլ»֊ը․

․․․․․․

Լինել ավելին քան կաս
և արժան լինես ինքդ քեզ:
ցողված փոսը սարսուռ,
ատամներդ դղորդ,
թոքերդ ջրակալ ծափ են տալիս,
ու քունդ ակնթարթ,
աչքերդ է շոյում տղաներիդ վազքով,
որ ժպիտդ մնա,
կրակելիս մնա,
ու չդառնաս գազան,
ո՛չ, չդառնաս գազան.
ես ձեր տիրումերը:

2020, հոկտեմբերի 17 [էջ 18-19]

Գեմաֆին Գասպարյանի պոեզիան տրավմատիկ փորձից ծնված պոեզիա է և այդ պոեզիայի մասին է նաև «Ս….. Հասմիկ» բանաստեղծությունը․

ինչպե՞ս բառերով սանրել,
մազերը լերդացած արյան մեջ,
ասա՛, Հասմիկ,
ու ինչպե՞ս դիակը ծանր, ուռած, նեխած,
բորենու ատամնաշարի հպումից քերված այտոսկրը,
աղիքները գրկում կծիկ մարմինը,
ներբողել հերոս,
ու ո՞նց էս կեղտի իսկական գույնը,
դիրքը լքածի վարտիքի գույնը,
լույսերով պատել,
ամեն նոր տողից մեռածին սպանել,
փառ փառաբանել,
փառ փառաբանել,
կոկիկ բառերի, հղկված բառերի, սիրուն բառերի
աթոռ նժույգին հեծնել՝ հեծկլտալ,
մահ շահագործել,
որ հերթափոխը շարունա՞կ լինի.
– ոտքդ զգույշ դիր, հոպար, մութ ա, ականջ ա, աչք ա,
չտրորես:

2021 [էջ 14]

Սովորաբար այս բանաստեղծությունը ընկալում են իբրև հակադրություն, բայց այն կարելի ընկալել իբրև կոչ և երկխոսության սկիզբ պատերազմի զինվորի և կնոջ փորձառության միջև։

Կուզանայի զուգահեռ անցկացնել անգլիական ամենահայտնի «խրամատային պոետներից» Զիգֆրիդ Սասունի (Siegfried Loraine Sassoon (1886– 1967)) հանրահայտ «Կանանց փառասիրությունը» բանաստեղծության հետ, որի առաջին տողերն են․

«Դուք սիրում եք մեզ, երբ մենք հերոսներ ենք, արձակուրդին վերադաձած տուն/ Կամ վիրավորված ենք նշանավոր վայրում»:

Ահա այն ամբողջությամբ․

Glory of Women

You love us when we’re heroes, home on leave,
Or wounded in a mentionable place.
You worship decorations; you believe
That chivalry redeems the war’s disgrace.
You make us shells. You listen with delight,
By tales of dirt and danger fondly thrilled.
You crown our distant ardours while we fight,
And mourn our laurelled memories when we’re killed.
You can’t believe that British troops “retire”
When hell’s last horror breaks them, and they run,
Trampling the terrible corpses—blind with blood.
O German mother dreaming by the fire,
While you are knitting socks to send your son
His face is trodden deeper in the mud.

Անկարող լինելով այն թարգմանել, ներկայացնում եմ նրա ռուսերեն թարգմանություններից մեկը

Славолюбие женщин

Вы любите нас на ролях героев,
Попавших в отпуск или в лазарет.
Отличья чтите вы, мираж построив,
Что в мужестве войны позора нет.
Мы пушечное мясо, и вы рады
Кровавой славой тешить мысль свою.
За храбрость нам сулите вы награды,
Венчая лавром тех, кто пал в бою.

Британцы ведь не могут “отступать”,
Когда вдруг в панике, ряды покинув,
Бегут по трупам, кровью опьянясь.

О, в грезах дремлющая немка-мать,
Пока носки вязала ты для сына,
Его лицо втоптали глубже в грязь!

Էական է, որ հեղինակը մերժում է «հաղթող» բրիտանացիների և պարտված գերմանացիների հակադրումը։ Հակառակը․ նրա համակրանքը ոչ թե անգլիական քաղքենի կնոջ, այլ գերմանուհի մոր կողմն է։ Նա այդ կանանց մեղադրում է, որ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը և նրանք երբեք չեն կարող հաջողությամբ ընկալել զինվորի պատերազմական փորձը։

Պատերազմի մասին գրականության մեջ կանայք բացառվում են իբրև ուղեկից երևույթ։ Համեմատած «խրամատային պոետների», ովքեր անմիջական են մասնակցել մարտերին, կանանց տրված է մնալ տանը, թախծել, կարոտել և սպասել զինվորին։ Իսկ երբ նա զոհվում է՝ ողբալ նրա մահը։ Զինվորը ասպետն է, ըստ ռոմանտիկ կաղապարի, ով իր Գեղեցիկ Դամայի համար մարտադաշտում հերոսաբար կռվում է, երբեմն փառքով ետ գալիս, բայց սովորաբար՝ զոհվում։

Կանայք շատ են գրել և հրապարակել պատերազմի մասին. օրինակ՝ 1914-ից 1918 թվականներին հրատարակած ավելի քան 2000 բանաստեղծներից մեկ քառորդը կանայք էին։ Պատերազմի տարիներին կանացի պոեզիայի այս ակտիվությունը չի արձանագրվել հետագա տարիների օնթոլոգիաներում կամ քննադատական վերլուծություններում: Օրինակ՝ Ջոն Սիլկինի 1979 թվականի Penguin Book of First World War Poetry գրքում ներառված էին միայն Աննա Ախմատովան և Մարինա Ցվետաևան։

Այսպիսով կանանց փորձառությունը, ներգրավածությունը պատերազմի մեջ գնհատվել է իբրև անարժեք։ Նրանք գրեթե միշտ պարտվում են, քանի որ մարտական ռեալիզմը, իր հեղինակությունը ստանալով ականատեսից, հաճախ սահմանում է գեղագիտության չափանիշը:

Այնուաամենայնիվ, ես կուզենայի առանձնացնել Անուշ Քոչարյանի «Վայրի խոտեր» գիրքը [Քոչարյան Ա. Վայրի խոտեր: Բանաստեղծ. / Ա. Քոչարյան.- Եր.: «Էջ» հրատ., 2022.- 104 էջ: Հղումները ըստ այդ գրքի] իբրև պատերազմի կանացի փորձառության արտահայտության էական դրսևորում։

Պատերազմի էության ընկալումը անհնարին է, եթե քո փորձառության մեջ էական չէ, մահվան զգացումը։ Անուշ Քոչարյանի մինչպատերազմական պոեզիան ողբերգական է և այնտեղ ներկա է մահվան կանխացգումը․

ես ինձ սպանված մտցրել եմ սրճարան,
բողոքել եմ այս քաղաքից, սայթաքել եմ այս քաղաքում,
բայց քաղաքը սիրել եմ,
որովհետեւ այստեղ եմ ինձ ուղղել իմ դեմ,
որովհետեւ այստեղ եմ տեսել նույն տունը՝
եւ կենդանի, եւ սպանված ժամանակ,
որովհետեւ այստեղ եմ փորձել ողջերի հետ նստել ավտոբուս
ժպտալ ու ասել՝ ամեն ինչ կարգին է։ [էջ 44]

Անուշ Քոչարյանի մոտ, ինչպես շատ կին բանաստեղների մոտ, պատերազմը ներկա է սիրո մարմնական զգացողության միջնորդությամբ։ «Ներկա է» և ապա «միջնորդությամբ» գոյաբանական հակասություն է։ Կա այստեղ և այնտեղ, զինվորը այնտեղ է, կինը՝ այստեղ։ Սա, թվում է, անհաղթահարելի բաժանում է․

քանի ձյունը չի ծածկել քեզ

որ կարողանամ քեզ չվերածել տեքստի՝
երեկոյան հոգոցների եւ վիրավոր լույսի մեջ
հանկարծ քեզ չկենդանացնեմ եւ չմոռանամ այդպես։
եւ քանի դու լողում ես մարմնիս վրա,
եւ քանի երկու տեղ ես՝ այնտեղ եւ մաշկս. [էջ 9]

Մաշկը կամալուծում է այստեղ/ այնտեղ հակադրությունը․ նրա վրա երկու տեղերը միաձույլ են։ Սերը օգտագործվում է որպես փոխաբերություն նահանջի և պարտության համար․

սիրահարության գիշեր

(հրադադար)

ես եկա, որ տեսնեմ մահը ջահել,
եւ որ խոստովանեմ՝ միակը եղար, ով
մազերի մեջ բերեց փամփուշտներ
ու շարեց թաց խոտերի վրա որպես աստղիկներ,
որոնք չհասցրին ընկնել։

….

երբ մահը նստել ու ասեղ էր թելում,
եւ միեւնույնն էր՝ դեմքդ կար, թե չկար,
ես սիրեցի անմիջապես ե՛ւ քեզ, ե՛ւ մահը։ [էջ 14-15]

կամ

գիշեր վեր(ա)դարձի

կուլ կտամ բաց չթողնված փամփուշտները,
սիրտդ կազատեմ նահանջից,
պարզ մի աշխարհ կլինի,
որտեղ ձյունն իրենն է անում, ․․․[էջ 17]

Հետո վերադառնում այնտեղ, ուր «այնտեղն» է․
եւ որովհետեւ մենք այնքան չսիրեցինք իրար,
որ պատմենք այնպես, ինչպես եղել է,

…..

հետո, երբ պատերազմը ի վերջո եղավ,
ես տեսա մեկին, ով իսկապես երազներ էր պատմում,
ու սարսափելի կատաղում էր, որ նահանջից հետո
միայն այդտեղ է կրակում։

….

մի պատերազմ մենք խոսեցինք։
ես հավաքեցի տունը, ինքը՝ իրեն։
ես վերադարձա այնտեղ,
որտեղ ինձ մյուսները երազ են պատմում։ [էջ 21]

Վարդան Ջալոյան