Home / Ոստիկանություն / Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին ազատ են արձակել՝ բաժնում 3 ժամից ավել պահելուց հետո

Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին ազատ են արձակել՝ բաժնում 3 ժամից ավել պահելուց հետո

Այսօր կեսօրից հետո ոստիկանները ազատ են արձակել առավոտյան քաղաքական թռուցիկներ բաժանելու ընթացքում բերման ենթարկված 6 անձանց։ Այս մասին Epress.am-ին հայտնել է բերման ենթարկվածներից Էլմոն Եղնուկյանը, որը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ, «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի դուստրն է։

Բերման ենթարկվածներից 4֊ը Եղնուկյանի ընտանքի անդամներ էին, ևս երկուսը «Հայ կանանց ճակատի» շարժումից Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Ոստիկանությունում նրանց ասել էին, որ ահազանգ են ստացել, թե Հանրապետության հրապարակում տեղադրված ռումբ կա։

Էլմոն Եղնուկյանի խոսքով՝ ոստիկանները խուզարկել են իրենց, ռումբ չեն գտել, արձանագրություն կազմել, որն իրենք հրաժարվել են ստորագրել։

«Մեզ ազատել են 12.30, այսինքն՝ պահել են ավելի երկար քան 3 ժամ։ Մեզ չեն տեղեկացրել մեր իրավունքների մասին, չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը։ Այս խախտումները արձնագրել են նաև Մարդու իարվունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները»,֊ ասել է Եղնուկյանը։

Ըստ «Սասնա ծռեր»֊ի էջի՝ նրանք ձերբակալվել են հրապարակում «Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»։

«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքի միջոցով հաղորդում է, ոստիկանությունում բերման ենթարկավածներին ասել են, որ տեղեկություն էին ստացել, թե Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննան իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։

«Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար»,֊ գրում է Սիմոնյանը։

Նշենք, որ Եղնուկյանների ձերբակալությունից մոտ կես ժամ անց Արտակարգ իրավիճակաների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված։ Պարզվել է, որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա: