Home / Ոստիկանություն / Հարձակման են ենթարկվել Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները

Հարձակման են ենթարկվել Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները

Մայիսի 10-ին՝ 20։30-ի սահմաններում, Բաղրամյան պողտայում ծեծի են ենթարկել Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող 2 ակտիվիստի։ Նրանք այդ պահին իրազեկում էին՝ քաղաքային իշխանությունների հրաժարականը պահանջող ակցիան մայիսի 11-ին շարունակելու մասին։

Տուժածներին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նրանք ցուցմունք են տվել։ Նրանցից Համբարձում Մուրադյանը այդ ընթացքում դուրս է եկել շենքից և պատմել է տեղ հասած «Հայկական ժամանակ» օրաթերթի և Epress.am կայքի լրագրողներին, որ այս գործողություններով հարձակվողները փորձել են կանխել մյուս օրվա հրաժարականի պահանջով ակցիան:

Համբարձում Մուրադյանի խոսքով՝ իրենց վրա հարձակված անձը, որը մոտ 50 տարեկան էր, ասել է. «Արա, դե զզվացրիք էլի…»:

Լուսանկարում՝ Համբարձում Մուրադյանն է

Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշել են, որ անկախ իրավիճակից վաղը կրկին շարունակելու են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նրանց խոսքով՝ երեկ քաղաքապետարանի դիմաց գործողություններն ավարտելուց հետո որոշել են իրազեկման երթ անցկացնել։ Պատմում է Սուրենը․ «Բաղրամյան պողոտայով գնում էինք՝ 20:00-ի սահմաններում, մեզ մոտեցավ սև Մերսեդես ML մակնիշի ավտոմեքենա, որի համարներն էր 70 MX 070 և մեզանից 100 մետր հեռավորության վրա սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ և այդ ամենը նկարահանել»:

Սև մեքենան հեռացել էր, ակտիվիստները ցրվում էին և մնացել էին 6-7 հոգով։ Երբ նրանք հասել են Երզնկյան փողոցի խաչմերուկ, այնտեղ կանգնած սպիտակ «Նիվա Շևրոլե» 17 JO 707 համարներով մեքենայից իջել է սև գլխարկով մի տղամարդ, որի դեմքը չէր երևում: Նա հարձակվել է ցուցարարներից մեկի վրա, կոտրել քիթը, ջարդել բարձրախոսը, հարվածել ևս մեկի կրծքավանդակին և փախավ։

Իրազեկողները, ում միացել էին հարակից շենքերի բնակիչները, փակել են ճանապարհը՝ կանխելու համար մեքենայի հեռանալը, ինչը չի հաջողվել։