Գլխավոր / Բնապահպանություն / Հանքերի միջազգային ֆինանսավորողները հաճախ անտեսում են հայաստանյան օրենսդրությունը

Հանքերի միջազգային ֆինանսավորողները հաճախ անտեսում են հայաստանյան օրենսդրությունը

Միջազգային ֆինանսավորողները, որոնք գումար են տալիս Հայաստանում, օրինակ, հանքարդյունաբերական ոլորտում գործող ընկերություններին, հաճախ հաշվի չեն նստում հայաստանյան օրենսդրության հետ, աշխատում են ոչ թե հասարակության կամ պետական մարմինների, այլ հիմնականում հանքարդյունաբերողների հետ։ Այս մասին այսօր «Թեղուտի հիմնախնդիրը․ ո՞րն է լուծումը» քննարկման ժամանակ ասել է բնապահպան Աննա Շահնազարյանը։ Իր ելույթում նա ներկայացրել է Լոռու մարզի Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս» ընկերության դանիական ֆինանսավորման պատմությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ սխեմա է գործում նաև Ամուլսարի հանքի դեպքում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի հանքը, աշխատում է շվեդական ընկերության հետ։

«Վալեքս»-ի դեպքում դանիացիները վերջ ի վերջո ստիպված են եղել հետ կանչել ֆինասավորումն այն բանից հետո, երբ դանիական մամուլը գրել էր Թեղուտի հանքում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների մասին։

Շահնազարյանը նշել է, որ Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) դեռևս 2012-ին տեղյակ է եղել Թեղուտի հանքի հետ կապված խնդիրների մասին, քանի որ հանդիպել է հայաստանյան ՀԿ֊ների հետ, սակայն ֆինանսավորումը հետ է կանչել 2017 թվականին դանիական մամուլում հայտնված հրապարակումներից հետո միայն։ EKF֊ի ներկայացուցիչները հայաստանյան ակտիվիստների և ՀԿ֊ների հետ հանդիպել է 2014֊ին՝ տեղեկանալով բազմաթիվ խնդիրների մասին։ Դանիական կողմը, սակայն, հավաստիացրել է, որ «Վալեքսն» ամեն ինչ ճիշտ է անում։

Այդ փաստը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ միջազգային ֆինանսավորողը լուրջ խնդիրներ է ստեղծել Հայաստանում, մասնավորապես, հաշվի չառնելով «Վալեքս» ընկերության կարողությունները, նախկին փորձը, առկա այլ գործունեության հետ կապված խնդիրները (Ալավերդիում)։

Շահնազարյանն ընդգծել է, որ միջազգային ֆինանսավորողն այս դեպքում, հաճախ նաև այլ դեպքերում, հաշվի չի նստում տեղական օրենսդրության հետ, այլ օգտվում է ՄՖԿ (Միջազգային ֆինանսական կորպորացիա) ստանդարտներից, մինչդեռ Հայաստանում շատ նորմատիվներ և օրենսդրական կարգավորումներ շատ ավելի խիստ են։

Բացի դա, նրանք հաշվի չեն նստում ներկայացվող ահազանգերի հետ՝ ապավինելով միայն ընկերության տվյալներին, ֆինանսավորման սխեմաներում անտեսում են ներպետական բնապահպանական և այլ տեսակի կարգավորումները և պետության վերահսկողությունը, նրանց հիմնական մտահոգությունը ֆինանսական ռիսկերն են։

Մանրամասները՝ տեսանյութում․