Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին հանձնարարելու է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ սկսել Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերում։ Այս մասին նա ասել է բնապահպանական հարցերին վերաբերող ուղիղ հեռարձակման ընթացքում: Իր որոշումը նա հիմնավորել է նրանով, որ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր կան։ Բացի դա, Փաշինյանն ասել է, որ կառավարությունն ուսումնասիրում է օրենսդրական հնարավորությունը՝ նոր հանքարդյունաբերական ծրագրերի թույլտվությունների տրամադրումը դադարեցնելու համար, մինչև չերաշխավորվի, որ դրանք խախտումներից զերծ են։
«Այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական։ Ընդհանրապես, աշխարհում և Հայաստանում բնապահպանական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, և դա նորմալ եմ համարում։ Ես կարծում եմ, որ ինչպես մնացած բոլոր դեպքում, այս դեպքում էլ պետք է լինի բալանսավորված մոտեցում։ Մենք չենք կարող ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը փակելու ենք, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ շահագործումը տեղի ունենա այն պայմաններում, ինչ այսօր է տեղի ունենում։ Բնապահպանական կանոնները, որ կարևոր են ժողովրդի առողջության և շրջակա միջավայրի պահպանման համար, մեր տեղեկություններով, պատշաճ ձևով չեն պահպանվում։ Մենք պետք է բոլոր լծակները օգտագործենք, բոլոր շահագործվող հանքերի գործունեությունը համապատասխանեցնենք բնապահպանական կանոններին և ՀՀ օրենսդրությանը»,֊ ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նաև հրավիրել է բնապահպանական կազմակերպություններին և բնապահպանական թեմաներով գրող լրագրողներին դառնալ ոլորտում ստուգումների լիարժեք մասնակից։
«Որպեսզի այդ ստուգումների արդյունքները լինեն բացարձակապես վստահելի, և բացառենք որևէ կոռուպցիոն ներգործության հնարավորություն»,֊ ասել է վարչապետը։