Կապան խոշորացված համայնքի 37 բնակավայրերից բնակիչներն այսօր խափանել են համայնքում նավթ և գազ որոնելու հայտ ներկայացրած «Ագապե» ՍՊԸ֊ի նախաձեռնած հանրային լսումները՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Բողոքի մասնակիցները պաստառներ ունեին իրենց համայնքների անուններով․ «Ես Բարգուշատն են», «Ես Կավարտն եմ», «Ես Խդրանցն եմ», «Ես Տանձավերն եմ» և այլն։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում Կապանից հայտնել է բնապահպան Դավիթ Հակոբյանը, բնակիչները աթոռներով փակել էին համայնքապետարանի մուտքը, և նաև շենքի ներսում այն դահլիճի մուտքը, որտեղ լսումները պետք է կայանային։
«Ընկերությունից 3 հոգի էր եկել, և միայն նրանք են մտել ներս, հավանաբար հետնամուտքով։ Ո՛չ համայնքապետարանից, ո՛չ գյուղացիներից ոչ ոք ներս չի մտել, ուստի, եթե նույնիսկ չեն արձանագրել, որ լսումները տապալվել են, փաստ է, որ որևէ հանրային ներկայացչություն չի եղել»,֊ ասել է Հակոբյանը։
Նա հավելել է, որ հարցը նավթը կամ գազը չէ, այլ այն, որ Կապանի տարածաշրջանում տեղացիները որևէ նոր հանքաարդյունաբերական գործունեություն թույլ չեն տալու։
«Եթե դուք գալիս եք իմ տունը քանդելու, ես օրենքին չեմ նայելու, ասելու եմ՝ fuck away (ռադ եղեք)»,֊ ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Կանադայում գրանցված «Ագապե» ընկերությունը Հայաստանում նավթ ու գազ որոնելու ծրագիր ունի ոչ միայն Սյունիքում, այլև Տավուշում և Վայոց Ձորում։ Ընկերությունն այդ ծրագրերը նախներկայացրել էր փետրվարին Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Հայաստանցի բնապահպանները կոչով դիմել էին կանադահայերին՝ խնդրելով բողոքի ակցիա կազմակերպել այդ հանդիպման ժամանակ։