Home / Армения / Թուրքիան ինքնուրույն քաղաքականություն է վարում. Դավութօղլու

Թուրքիան ինքնուրույն քաղաքականություն է վարում. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլույի կարծիքով` Թուրքիան իր ուրույն քաղաքականությունն է վարում, և այլ պետությունները ի զորու չեն իրենց քաղաքական տեսակետները պարտադրել Թուրքիային:

Թուրքական ազդեցիկ բիզնես կազմակերպության` TÜSİAD-ի ամսագրին տված բացառիկ հարցազրույցում Դավութօղլուն մեկնաբանել է վերջերս ազգային և միջազգային մամուլում հայտնված հրապարակումները, համաձայն որոնց Թուրքիայի քաղաքական վեկտորն Արևմուտքից տեղափոխվում է դեպի Արևելք:

Դավութօղլուն նշել է, որ մերօրյա գլոբալ քաղաքականության զարգացման դինամիկ բնույթը պետություններին պարտադրում է իրենց սեփական քաղաքական ուղեգիծը մշակել, որով էլ պետք է առաջնորդվի տվյալ երկիրը:

«Վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության իրականության մեջ, ի հակադրություն սառը պատերազմի երկբևեռ քաղաքականության ժամանակաշրջանի, որտեղ գերուժերն էին հաստատում քաղաքական հիմնադրույթները, և մնացած պետությունները հարմարեցնում էին իրենց քաղաքականությունը դրանց հետ, Թուրքիան իր սեփական ասելիքն ունի գլոբալ հարցերի վերաբերյալ, որոնց մեծամասնությունն անմիջական առնչություն ունի հենց Թուրքիա պետության հետ», – ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրն ի վիճակի է իր ուրույն դիրքը հաստատել` ավելացնելով, որ այդ դեպքում միայն այն կարող է անդրադառնալ համընդհանուր խնդիրներին:

Դավութօղլուն ավելացրել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե Իսրայելը որոշի բանակցություններ սկսել Սիրիայի և Պաղեստինի հետ, ինչպես դա տեղի ունեցավ 2008 թվականին` նշելով, սակայն, որ իր երկիրը չէր ցանկանում, որ Իսրայելն իր գործողություններով ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: