Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղացիներին քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին:
«Արդյոք դուք ցանկանում եք օգտվել այն սահմանադրությունից, որի հեղինակն է զինվորական խումբը, թե այն սահմանադրությունից, որի հեղինակն է ժողովուրդը»,- հռետորական հարց է հնչեցրել Թուրքիայի վարչապետը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պոտենցիալ քվեարկողներին է դիմել Աֆյոնկարահիսար նահանգում:
Սահմանադրական բարեփոխումների քվեարկությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին` զինվորական հեղաշրջման 30-րդ տարեդարձի օրը: Համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների` նորացված սահմանադրությունը Թուրքիան ավելի դեմոկրատական կդարձնի` մոտեցնելով ԵՄ չափանիշներին: Սահմանադրության նոր տարբերակում, մասնավորապես, չկա այն հոդվածը, որն արգելում է դատական գործ հարուցել Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ խորհուրդը կազմավորվել էր 1980թ. զինվորական հեղաշրջումից հետո:
Համաձայն վերլուծաբանների, նոր սահմանադրությունը կարող է էլ ավելի ամրապնդել իշխող կուսակցության դիրքերը և թուլացնել զինվորական էլիտան: