Ֆինլանդիայում անցկացվող ամենամյա Սաունայի Աշխարհի Առաջնության ժամանակ շաբաթ երեկոյան եզրափակչի 2 մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց նախքան մրցույթի ավարտը: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, եզրափակչի մասնակիցներից մեկը հիվանդանոցում մահացել է:
Մրցույթի ղեկավար Օսսի Արվելան հայտնել է, որ եզրափակչի մասնակիցներից մեկը` Վլադիմիր Լադիժենսկին, Ռուսաստանից է, մյուսը` Ֆինլանդիան ներկայացնող Տիմո Կաուկոնենն է:
«Ռուս մասնակիցը մահացել է Սաունայի աշխարհի առաջնության ժամանակ»,- հաստատել է Արվելան:
Կաուկոնենը հաղթել է նախորդ առաջնության ժամանակ, իսկ Լադիժենսկին նույնպես ֆավորիտների շարքում էր մինչև կիրակի օրվա մրցելույթը, որի ժամանակ մասնակիցները պետք է կարողանային հնարավորինս երկար դիմանալ Ցելսիուսի սանդղակով 110 աստիճան ջերմության տակ: Այս տարի նման փորձը ողբերգական ավարտ ունեցավ Լադիժենսկու համար: