Արվեստի քննադատների ասոցիացիայի (AICA-Հայաստան) «Արվեստի նախագծում և լուսաբանում» կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները, իբրև ավարտական աշխատանք, նախագծել և իրականացնում են Իջևանի` «Ժամադրություններ սահմանների վրա» համայնքային արվեստի փառատոնը: Իր հերթին, փառատոնը «Գեղագիտական համայնքներ և համայնքային արվեստի կոնտեքստուալ թարգմանություն» խորագրի ներքո ընթացող ամառային դպրոցի երկրորդ բաժինն է:
Փառատոնի ծրագիրը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ` ցուցահանդես, գործնական պարապմունք, դասախոսություն-քննարկումներ, Իջևանի քանդակի միջազգային սիմպոզիումին վերաբերող հետահայաց խմբային քննարկում և արխիվային նյութերի ներկայացում, առանձին շնորհանդեսներ և արտիստական ծրագրեր:
Փառատոնն անդրադառնում է ժամանակային և տարածական սահմաններին առհասարակ: Սահմաններ, որոնք անցնում են պատմամշակութային ժառանգության և ներկայի մշակութային քաղաքական համատեքստի, քաղաքի և բնության, աշխարհաքաղաքական կենտրոնների և ծայրամասերի, հանրային և մասնավոր ոլորտների, արվեստի և գործունեության այլ ասպարեզների միջև։
Դրանք չեզոք վայրեր են և դուրս են որևիցե ռեժիմի գերիշխանությունից, այստեղ են կուտակվում սոցիալ-քաղաքական, ուրբան, բնապահպանական, մշակութային, լեզվական և այլ լարումները։
Ի տարբերություն «հեղինակ» և «հանդիսատես» արտադրող ներկայացուցչական արվեստի` «Ժամադրություններ սահմանների վրա» ամառային արվեստի փառատոնը, համաձայն կազմակերպիչների, առաջ է մղում սահմանները հաղթահարող համայնքային արվեստը։