Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ամենահաջողված ու ամենաօրինակելին են հետխորհրդային տարածքում:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները միայն բարեկամական չեն: Այժմ մենք պատրաստվում ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցին, ինչը նշանակում է, որ մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են»,- ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել է նախարարը:
Նա նշել է նաև,որ վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 2 տասնյակ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել բարձր մակարդակով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր կնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ:
«Երկու երկրների միջև ռազմավարական դաշնակիցների հարաբերություններ են ձևավորվել, և սրանք ուղղակի բառեր չեն, չէ՞ որ ռազմավարական համագործակցությունն ամուր չէր կարող լինել, եթե ազգերի մեջ արմատական հարաբերություններ, համակրանք և ջերմություն չլիներ», նշել է Նալբանդյանը:
«Պատմության ընթացքում մեր հայրերն ու պապերը մեկ անգամ չէ, որ միասին կռվել են պատերազմի դաշտերում, այդ թվում`Մեծ հայրենական պատերազմի ժամանակ», ասել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանի տղամարդկանց ավագ սերնդի ներկայացուցիչների մեծ մասը մասնակցել է Հայրենական պատերազմին:
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ներկա կլինեն 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորներին նվիրված հուշարձանի բացմանը: Վերականգնված «Պատվո բլուր» հուշարձանի բացումը տեղի կունենա օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքում, հաղորդում է Новости Армения: