Երևան-Բաթումի ուղևորատար գնացքից օգտվողներից շատերն այս ամառ անակնկալի են գալիս`պարզելով, որ իրենց տեղի վրա մեկ ուրիշին էլ է տոմս վաճառվել, գրում է օրաթերթը:
Մեր տեղեկություներով, երկաթուղու տնօրինությունը վիճակից ելքը գտնում է ուղևորատար գնացքին ապօրինաբար նոր վագոններ կցելով:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի խոսնակ Վահե Դավթյանը չհերքեց կրկնակի տոմսեր վաճառելու փաստը, բայց ասաց, որ դա մասսայական բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է վագոններին, խոսնակի ասելով, երբ պահանջարկը չեն կարողանում բավարարել, նոր վագոններ են կցում գնացքին, ինչն օրինական է: Ստեղծված իրավիճակն այնքան է սրվել, որ երկաթգծի կայարանի տարածքում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որտեղ կարող են դիմել նման խնդիրների բախված ուղևորները: Կրկնակի վաճառված տոմսերի դեպքում ուղևորներին նույնանման այլ վագոն են տեղափոխում: Շատ փող աշխատելու մարմաջը նման կազուսների կարող է հանգեցնել: Միայն հուլիս ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» 83 հազար ուղևոր է տեղափոխել: