Օգոստոսի 18-ին կայացան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլի ևս 5 հանդիպումներ: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում համանուն ակումբը հանդիպել էր Իսրայելի չեմպիոն Թել-Ավիվի «Հապոելի» հետ: «Զալցբուրգի» հիմնական կազմում խաղադաշտ էր դուրս եկել Խոակին Բոգոսյանը, սակայն, գրեթե մեկ ժամ անցկացնելով դաշտում, նա ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց: «Հապոելը» կարողացավ մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տանել և մեծ քայլ անել դեպի Չեմպիոնենրի Լիգայի խմբային մրցաշար:
Պորտուգալիայում այդ երկրի փոխչեմպիոնը` «Բրագան», 1:0 հաշվով պարտության մատնեց իսպանական «Սևիլյային»: Բավական հետաքրքիր պայքարում անցավ գերմանական «Վերդերի» և իտալական «Սամդորիայի» հակամարտությունը: Գերմանական ակումբը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն վերջին րոպեին Պացինիի խփած գնդակը որոշակի հույս պարգևեց իտալական ակումբին:
Սերբական «Պարտիզանը» Բելգրադում 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Անդերլեխտի» հետ, իսկ շվեյցարական «Բազելը» 1:0 հաշվով հաղթեց մոլդովական «Շերիֆին»: Շվեյցարացիների առավելությունն էլ ավելի մեծ կարող էր լինել, սակայն վերջին րոպեին «Բազելի» առաջատար Բենջամին Հյուգելը չիրացրեց 11-մետրանոցը: