Այսօրվա կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին: Կառավարության անդամների կարծիքով` սույն ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։ Ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործելու շրջակա միջավայրի մաքրության և պահպանման միջոցները, փոփոխելու հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։
Որոշմամբ ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։