Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի կարծիքով` ռուսական ռազմակայանների տեղակայման ժամանակահատվածի երկարաձգումը և Ռուսաստանի` անվտանգության ենթադրյալ երաշխավոր դառնալը փաստացի անկախության կորուստ է Հայաստանի համար:
Այսօր Հրանտ Տեր-Աբրահամյանի և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի համատեղ մամուլի ասուլիսին, որին, ի դեպ, վերջինս Վրաստան մեկնելու պատճառաբանությամբ չներկայացավ, Տեր –Աբրահամյանը խոսեց Ռուսաստանի` տարածաշրջանում վերջերս ակտիվացման վտանգների մասին:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300-ի վաճառքին` Տեր-Աբրահամյանը նշեց, որ դա բացարձակ շանտաժ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և իր զարմանքը հայտնեց հայ քաղաքագետների վերլուծությունների վերաբերյալ, որոնք նորմալ են վերաբերում C-300-ի վաճառքին և փորձում ապացուցել հասարակությանը, որ դա ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Այս առիթով Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ ժամանակն է բարձրաձայնել և հասարակայնացնել ռուսական ռազմակայանների Հայաստանից դուրսբերման պահանջը:
«Ռուսական զորքերի ամրապնդումը մեզ ձեռնտու չէ, որովհետև այն որոշակի գերակայություն է ենթադրում տարածաշրջանում», – ասել է բանախոսը:
Ինչ վերաբերում է վերջին զարգացումների ընթացքում ընդդիմության դերակատարությանը, Տեր-Աբրահամյանի կարծիքով կոնկրետ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամանակի երկարաձգման վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի դերակատարությունը չի կարող ազդեցիկ լինել, քանի որ, լինելով ընդդիմություն և չունենալով համապատասխան լծակները, ՀԱԿ-ը չի կարող ազդել գործընթացի վրա:
Նա հավելեց, որ ընդդիմությունը, իհարկե, այդ խնդիրների շուրջ իր կարծիքը կբարձրաձայնի և հասարակական ակտիվություն կապահովի մոտ ժամանակներս: