Home / Հայաստան / Մեդվեդևի պատվին Հրապարակում հնչել են ռուս դասականները

Մեդվեդևի պատվին Հրապարակում հնչել են ռուս դասականները

Օգոստոսի 19-ին երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

«Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև: Եվ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման և մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար»,-ասել է ՀՀ նախագահը:

«Մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջև բարեկամական վաղեմի և ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ և հաջող համագործակցությամբ: Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման ամենակարեւոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարևոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաև հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարեւորության մասին: «Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես ևս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո’ղ ենք և եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության և ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար: «Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եվ որ ամենակարևորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:



Նրա խոսքով` Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական և մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել:

«Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում, իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաև մարզերի եւ մարդկանց միջև ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարևոր է և գնահատելի:

Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է”,- նշել է ՌԴ Նախագահը:



ՌԴ նախագահի պատվին տրվող պետական ճաշին մասնակցել են ՀՀ և ՌԴ նախագահները` իրենց տիկնանց հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:



ՀՀ և ՌԴ նախագահները երեկոյան նաև զբոսնել են Հանրապետության հրապարակում, «Երգող շատրվանների» շուրջ` ունկնդրելով հատուկ ՌԴ նախագահի պետական այցի պատվին հնչող ռուս դասականների ստեղծագործություններ: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւն այցելել են երևանյան սրճարաններից մեկը, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: