Ռուսական Lifenews-ը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկոյան զբոսանքի մասին: Մանրամասները, մասնավորապես, վերաբերում են հյուրասիրությանը:
Ինչպես նշում է պարբերականը, նախագահներն ու առաջին տիկնայք, տեղավորվելով բեմի մոտ պատրաստված սեղանի շուրջ, համտեսել են հայկական լավագույն կոնյակն ու մրգերը և ունկնդրել «Մալխաս» ջազ-համույթի կատարումները:
Ներկա են եղել պաշտոնական այլ հյուրեր, ովքեր նստել են նախագահական սեղանից քիչ հեռու` հնարավորություն տալով երկու երկրների նախագահներին հանգիստ զրուցել մի գավաթ կոնյակի շուրջ:
Հյուրերին 40-ամյա «Սպարապետ» կոնյակ են մատուցել, որն արտադրում է Երևանի կոնյակի գործարանը: Այս կոնյակը չի վաճառվում, այն նախատեսված է միայն հատուկ պաշտոնական արարողությունների համար: Ուշագրավ է, որ նախագահների հեռանալուց հետո կոնյակն իր հետ է վերցրել սրճարանի հյուրերից մեկը, ով գտնվել է նույն դահլիճում:
Նախագահները սրճարանում երկու ժամ են անցկացրել` վայելելով ջազ երաժշտություն: Երեկոյի ընթացքում հնչել է նաև «Նապաստակների մասին երգը»` «Ադամանդե ձեռքը» ֆիլմից: Ինչպես նշում է պարբերականը, երեկոյի ընթացքում Ռիտա Սարգսյանը բավական ուրախ էր և ակտիվ, ինչը չի կարելի ասել ՌԴ առաջին տիկնոր մասին, ով իրեն բավական զուս է պահել:
Հյուրերը բավական ուշ լքեցին սրճարանը: Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին, մատուցողներին և սրճարանի տիրոջը, ով ողջ երեկոյի ընթացքում հետևում էր, որ հյուրերը ոչնչի կարիք չունենան: