Home / Հայաստան / Աշխարհում գներն իջնում են, Հայաստանում` բարձրանում

Աշխարհում գներն իջնում են, Հայաստանում` բարձրանում

Ցորենի գների բարձրացման մասին քննարկումները շարունակվում են:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանավիճեցին հացահատիկի գների բարձրացման շուրջ:
 
«Մենք հիմնական ավանդական գնորդ ենք հանդիսանում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը դադարեցրել է ցորենի վաճառքը: Միջազգային շուկայում ցորենի գները թանկացել են, և տնտեսվարողը, բնականաբար, արձագանքելու է, քանի որ վաղը թանկ է գնելու», – բացատրել է Վարդան Այվազյանն ու հավելել, որ «օբյեկտիվ պատճառ է տեղի ունեցել»:

Բագրատ Ասատրյանը, իր հերթին, հայտարարել է, որ նման իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ շուկայում առկա է մենաշնորհ: Ելքը նա տեսնում է շուկայի ազատականացման մեջ:

«Ես բազմիցս ասել եմ, Հայաստանում մի տնտեսական օրենք է գործում. եթե  միջազգային շուկայում գները  բարձրանում են, այստեղ էլ բարձրանում են, եթե գներն իջնում են, այստեղ էլի բարձրանում են: 1994 թվականին մենք շատ ավելի լավ վիճակում էինք ազատականացման տեսանկյունից: Սա շատ լուրջ մտահոգության առիթ պետք է տա», – ասել է Բագրատ Աաստրյանը:

Վարդան Այվզազյանը համաձայնեց այդ մտքի հետ, սակայն հավելեց, որ այդ մենաշնորհին սկիզբ դրվեց հենց 1996-97 թվականներին, որին Բագրատ Ասատրյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Եթե ես մի հիմարություն անեմ, երբեք մի կրկնեք այդ հիմարությունը»:

«Ասում են սրա հիմքը դուք եք դրել. այ ցավդ տանեմ, ես հիմարություն եմ արել, բայց ինչի էս ժողովուրդը պիտի այսօր ձեր ձեռը կոտորվի», – ասել է նա:

Ինչ վերաբերում է գյուղմթերքների խնդրին, ապա, Բագրատ Ասատրյանի խոսքով, մենք գտնվում ենք ոչ մրցակցային վիճակում` թե մեր հարևանների հետ համեմատած, թե եվրոպական երկրների, թե այն երկրների, որոնք հիմնական գյուղմթերք արտադրող են: Ըստ ԿԲ նախկին նախագահի` սա է պատճառը, որ ոչ միայն ցորենի պարագայում, այլ նաև տեղական արտադրության բազմաթիվ ապրանքատեսակների վրա, գները կտրուկ աճում են: