Օգոստոսի 31-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը կգլխավորի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում կընդգրկվեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:
Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: