Ստեղծվում է նոր ռազմաքաղաքական միավոր, որում պետությունները միավորվում են ոչ թե գաղափարախոսությամբ, այլ ռազմաքաղաքական և տնտեսական շահերով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես է մեկնաբանել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Հետխորհրդային մի շարք պետություններ չեն կապում իրենց անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ, և միակ ուժը, որը կարող է նրանց համար անվտանգության խարիսխ դառնալ, պարզվում է, Ռուսաստանն է», – նշել է քաղաքագետը:
Ըստ Մանասյանի` Հայաստանը պետք է անվտանգության երաշխիքներ ունենա, «որն, առաջին հերթին, կապված է Ադրբեջանից և Թուրքիայից եկող վտանգների հետ»:
«Եթե տրամաբանորեն մոտենանք, բացատրելի, եթե ոչ անխուսափելի է դառնում այն ընտրությունը, որ մենք կատարել ենք` մեր անվտանգությունը կապելով ՀԱՊԿ-ի հետ», – ասել է Մանասյանը` ընդգծելով, սակայն, պայմանագրերի պայմանականությունը:
Քաղաքագետը նաև ցանկություն հայտնեց, իր իսկ , խոսքերով, «ցրել» հայկական «մենտալիտետում տիրող միամիտությունն ու ռոմանտիզմը». «Կնքել ենք պայմանագիրը` ճիշտ ենք արել, բայց մենք չպետք է մեր անվտանգությունը 100%-ով կապենք դրա հետ»: