Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության հետ, ենթադրում է, որ Ռուսաստանը մասնակցելու է ատոմակայանի կառուցմանը և ունենալու է ուղղակի ներդրում, նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով` նախնական գնահատականներով այդ ծրագիրը ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում։
«Մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր։ Մենք համագործակցելու ենք մեր գործընկերների հետ. լինելու է նոր կոնֆիգուրացիա, նոր նախագիծ, որից հետո մենք մեր հանրությանը ավելի հստակ կներկայացնենք մանրակրկիտ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը։ Բայց ակնհայտ է, որ ատոմակայանի կառուցումը ենթադրում է մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում։ Դա լինելու է ժամանակակից ատոմակայան, որն էապես ավելացնելու է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները։ Դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ», – ասել է Տիգրան Սարգսյանը։