Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը տարածվում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա: Այս քայլով Ռուսաստանի իշխանությունները որոշ ժամանակով կանխում են պատերազմի հավանականությունը: Այս մասին Комсомольской правда թերթին տրված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հեյդար Ջեմալը:
Նրա խոսքերով` Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը չի կարող պատերազմի նախաձեռնողը լինել, քանի որ նման քայլով դեմ դուրս կգա Ռուսաստանին:
«Ամեն դեպքում, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ելք չունեն: Պատերազմն ընդամենը հետաձգվել է և կսկսվի 2011 թվականին` դառնալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախընտրական արշավի մասը: Իսկ ռազմական բախման դեպքում, կարծում եմ, Ռուսաստանը կպատերզամի Ադրբեջանի դեմ: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշել է պաշտպանել Հայաստանի շահերը, ապա դա չի սահմանափակվի զենքի ձևական կիրառումով»,- նշել է Ջեմալը:
Քաղաքագետը համոզված է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջւանն աշխարհագրական առումով ամբողջովին կմեկուսացվի:
«Թուրքիան կողմ է պատերազմի հետաձգմանը: Իսկ պայմանագիրն ամրապնդում է նաև Իրանի դիրքերը, քանի որ այսկերպ իրենից հեռացնում է ԱՄՆ ռազմական գործողությունները: Ինչպե՞ս: Ադրբեջանը կարող էր որպես մերձսահմանային պետություն հանդես գար: Բայց Հայաստանում և Աբխազիայում ռուսական С-300-են կան, որոնք երկինքը փակում են Իրանի կողմից: Ռուսաստանը, իհարկե, կարող է չխառնվել Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններին, բայց С-300-ի առկայությունը անորոշության մթնոլորտ է ստեղծում, ինչն էլ ամենասարսափելին է ռազմական գործողություններ պատրաստելիս»,- ասել է քաղաքագետը: