ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակներում ստորագրված 5 փաստաթղթերը, որով երկարացվեց ռուսական ռազմակայանի Հայաստանում տեղակայման ժամկետը մինչև 49 տարի, ըստ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի, այս պահին մեզ ոչինչ չի տալիս: Ռուբինյանը նշել է, որ ռուսական լրատվամիջոցները բացահայտ ասում են, որ Ռուսաստանը էքսպանսիայի է ենթարկում Հայաստանին:
«Դա բարոյահոգեբանական ձեռքբերում է Ռուսաստանի համար: Իսկ մեր իշխանություններն էլ հաղթանակ է համարում այն, որ այս պայմանագրով ընդլայնվում են ռազմաբազաների ֆունկցիաները. եթե նախկինում ռուսական ուժեր կային Թուրքիայի և Պարսկաստանի սահմանային հատվածում, ապա հիմա դրանք կտեղակայվեն բոլոր սահմանների ուղղությամբ»,- ասաց Կարապետ Ռուբինյանը և հավելեց, որ, ըստ էության, դա փայլուն բան է` հաշվի առնելով վերջին շրջանի Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը:
«Սակայն այստեղ մի հարց է ծագում. որքանով է վստահելի ռուսական օգնությունը: Պատմությունը ցույց է տվել, որ պետք է հոռետեսորեն մոտենանք այդ հարցին, իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 –ի վաճառքը ակնհայտ թշնամական վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ»,- իր մտահոգությունը հայտնեց Կարապետ Ռուբինյանը և ասաց, որ C-300-ի վաճառքը խախտում է հավասարակշռությունը տարածաշրջանում, բայց մեզ ասում են, որ Ռուսաստանի հետ մեր նոր հարաբերությունները բալանսի են բերում դրանք:
«Հետևյալ պատկերն է` մի կողմում Ադրբեջանն է, մյուս կողմում` Հայաստանը և Ռուսաստանի խոստումները»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Նա նաև նշեց, որ սա միայն առաջին արարն է, երկրորդը կլինի սեպտեմբերին, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Բաքու: Ըստ Կարապետ Ռուբինյանի` այդ այցը կարող է սառը ցնցուղ լինել Հայաստանի համար:
«Ռուսաստանն Ադրբեջանին իր գիրկը ձգելու համար ունի բոլոր հնարավորությունները: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, եթե Ռուսաստանը խոստանա որոշակի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում»,- հավաստիացրեց Կարապետ Ռուբինյանը: