Ադրբեջանական հասարակական միավորումներից մեկի` «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները երեկ երեկոյան փորձել են իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ցույց անցկացնել Բաքվում` ՌԴ դեսպանատան շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, ոստիկանները թույլ չեն տվել մոտ 30 ակտիվիստի մոտենալ դեսպանատան շենքին:
Ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն էին հայտնում Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրերի դեմ: Նրանք փորձ են արել վառել Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, սակայն ոստիկանության աշխատակիցները կարողացել են կանխել այդ գործողությունը: Ակտիվիստների և ոստիկանության ներկայացուցիչների բանակցություններից հետո վերջիններս թույլ են տվել ցուցարարներին ՌԴ դեսպանությանն իրենց հռչակագիրը հանձնել:
Հռչակագրում նշված է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերը խաթարում են Ռուսաստանի` որպես ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունների անկողմնակալ մասնակցի հեղինակությունը: