Home / Հայաստան / Հետազոտությունը պարզել է` Հիտլերի նախնիները հրեաներ են և աֆրիկացիներ

Հետազոտությունը պարզել է` Հիտլերի նախնիները հրեաներ են և աֆրիկացիներ

Ադոլֆ Հիտլերի բարեկամների ԴՆԹ-ի հետազոտություններն ապացուցել են, որ նա հրեական արյուն ուներ, բացի այդ, գիտնականներին հաջողվել է պարզել, որ նրա նախնիներից ոմանք ծնունդով Աֆրիկյան մայրցամաքից են: Փաստորեն, Հիտլերը արյունակցական կապ ուներ այն «թերի մարդկանց» հետ, որոնց ինքը ցանկանում էր ոչնչացնել: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ինչպես հայտնում է NEWSru Israel-ը, հետազոտության գաղափարի հեղինակներն են բելգիացի լրագրող Ժան-Պոլ Մուլդերսը և պատմաբան Մարկ Վերմեերը: Նրանք թքանյութի նմուշներ են վերցրել Հիտլերի 39 բարեկամներից:

Բելգիական Knack ամսագիրը հրապարակել է հետազոտության ընթացքի մասին մի շարք մանրամասներ: Մասնավորապես, լրագրողը յոթ օր շարունակ հետապնդել է Հիտլերի զարմիկին` ԱՄՆ 61-ամյա քաղաքացի Ալեքսանդր Սթյուարթ-Հյուսթոնին, որից հետո կարողացել է տիրանալ Հյուսթոնի օգտագործած անձեռոցիկին:

Գիտնականները պարզել են, որ Հիտլերի բարեկամների թքանյութում հայտնաբերվել է E1b1b նյութը, որը գրեթե չի հանդիպում Գերմանիայի կամ Արևմտյան Եվրոպայի բնակիչների մոտ, բայց առավել շատ տարածում ունի մարոկացի բերբերների, ինչպես նաև աշկենազի հրեաների և սեֆարդ հրեաների մոտ:

Daily Mail-ը հիշեցնում է, որ պատմաբանները մինչ այդ էլ խոսում էին Հիտլերի հրեական ծագման մասին: Համաձայն որոշ տեղեկությունների, Հիտլերի հայրը ծնվել է Մարիա Շիկլգրուբերի և Ֆրանկենբերգեր ազգանվամբ հրեայի արտաամուսնական կապի արդյունքում: