Հայաստանի և Ռուսատանի միջև կնքված համաձայնագիրը հերթական վկայությունն է այն փաստի, որ Հարավային Կովկասում Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կարևոր ռազմական դաշնակիցը: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Վլասովը:
Նրա խոսքերով` կնքված համաձայնագիրը պետք է դիտարկել Մոսկվայի, Երևանի և Բաքվի հարաբերությունների միջև նոր հավասարակշռության ձևավորման համատեքստում:
«Ռուսաստանի` Հարավային Կովկասում վարած քաղաքականության վերջնական արդյունքները 2010 թվականի կտրվածքով պարզ կլինեն նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարելիք այցից հետո: Հատկապես հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում լուրեր են տարածվում Ադրբեջանին С-300 վաճառելու Ռուսաստանի մտադրության մասին, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը դիվերսիֆիկացիոն քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում: Հետևաբար, հայաստանյան բանակցությունների նշանակությունը լիովին պարզ կդառնա Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո»,- նշել է փորձագետը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտությանը պատերազմի վերսկսման պարագայում, ապա Վլասովի կարծիքով, Ռուսաստանը միակողմանի չի մասնակցի պատերազմին: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի սպառնալիք լինի, ապա Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված կլինի պատերազմի կանխմանը, կարծում է փորձագետը:
«Այն, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը Հայաստանի կողմից հանդես կգա, վիրտուալ պատկերացումների արդյունք է: Բայց ես 99%-ով համոզված եմ, որ այդպես չի լինի»,- եզրափակել է նա: