Home / Армения / Սահմանի ժամանակավոր բացումը կվերածվի մշտականի. քաղաքագետ

Սահմանի ժամանակավոր բացումը կվերածվի մշտականի. քաղաքագետ

«ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող զորավարժությունները հայ-թուրքական սահմանի բացման լավ փորձ են», Day.az-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ռասիմ Աղաևը` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հավանականությունը:

Քաղաքագետի խոսքերով` սահմանի բացման նախաձեռնությունը ԱՄՆ-ինն է: Իսկ նախաձեռնությունը հավանության է արժանացել Հայաստանի և Թուրքիայի որոշ ուժերի կողմից:

«Սահմանի բացումը հնարավորություն կընձեռի տեսնել, թե դրանից ինչ կստացվի: Ժամանակավոր բացումը կարող է երկարատև դառնալ, իսկ երկարատևը` մշտական: Սկզբից որոշ սարքավորումներ կբերեն Հայաստան, որոնք զորավարժությունների ավարտից հետո պիտի հավաքվեն ու նորից հետ ուղարկվեն: Իսկ դրա համար ժամանակ կպահանջվի: Չի բացառվում, որ երկու երկրների արտգործնախարարները համաձայնության կգան, և սահմանները կշարունակեն բաց մնալ ՆԱՏՕ-ի, այլ միջազգային կազմակերպությունների սարքավորումների տեղափոխման համար», կարծում է փորձագետը:

Աղաևի կարծիքով` այս ամենի մեջ պատահականություն չկա, ամեն ինչ մտածված է: Այս դեպքում ՆԱՏՕ-ի զորավարժությունները միայն պատրվագ է Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմական-քաղաքականության տարածման համար:

Ռուսաստանին հաջողվել է երկար ժամանակով հաստատվել Հայաստանում, ինչը բարդացնում է ԱՄՆ-ի խնդիրը` հաստատվել Հարավային Կովկասի, իսկ այնուհետ Արևելքի տարածքում: Սա ԱՄՆ-ի ռազմավարությունն է, իսկ Վաշինգթոնը մտադիր չէ հետաձգել իր ռազմավարության իրականացումը:

«Այսպիսով, մոտ ժամանակներում հայ-թուրքական սահմանի բացումը հավանական է, ինչը հատկապես կարևոր է ԱՄՆ-ի համար: Սա ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունն է Հարավային Կովկասում»,-նշել է քաղաքագետը: