Home / Հայաստան / Սպանության ևս մեկ աղմկահարույց դեպք բանակում

Սպանության ևս մեկ աղմկահարույց դեպք բանակում

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում օգոստոսի 17-ին նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1984թ. ծնված Հարություն Յուրիկի Վարդանյանը հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1966թ. ծնված Արսեն Երվանդի Չոբանյանի կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է: Հարություն Վարդանյանը օգոստոսի 18-ին ձերբակալվել է: Օգոստոսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում սա արդեն սպանության երրորդ աղմկահարույց դեպքն է հայկական բանակում: Անցյալ ամիս Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում մահացել էր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Համաձայն քննչական մարմինների նախնական վարկածի` Արտակ Նազարյանը ինքնասպանություն էր գործել, սակայն նրա հարազատները մամուլում կտրականապես հերքել էին այդ վարկածը:

Հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը Մարտունու շրջանի զորամասերից հրազենով սպանել էր 5 զինծառայողի և ինքնասպան եղել:

Աղմակահարույց դեպքերից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրապարակային, բանավոր «ճիպոտահարության» էր ենթարկել մի խումբ սպայերի` խոստանալով այլևս կանխել նման դեպքերը, սակայն Օհանյանի ելույթից հետո գրանցվել է սպանության ևս մեկ դեպք:

Նշենք նաև, որ նախորդ երկու դեպքերից հետո հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Facebook» ցանցում հասարակական նախաձեռնությամբ էր հանդես եկել` կոչ անելով Սեյրան Օհանյանին և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ինքնասպան լինել: