Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը միայն թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքին դիմակայելու տեսանկյունից, սակայն այն չի նպաստում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործակցությանը: Այս մասին այսօր հայտարարել է քաղաքագետ Հակոբ Չաքրյանը:
«Հայաստանն այս արձանագրությամբ կորցնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խուսանավելու հնարավորությունը»,- ասել է Չաքրյանը:
Քաղաքագետը նաև հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ 1997 թվականին արդեն ուներ բարեկամության համագործակցության և փոխօգնության պայմանագիր:
«Այն ենթադրում էր, որ եթե որևէ երկրի անվտանգությունը սպառնալիքի առջև է կանգնում, մյուս կողմն օգնության է հասնում, այսինքն, բացի 1995-ի պայմանագրից, ունեինք այդ մեծ պայմանագիրը, որը Լևոն Տեր-Պետրոսյանն էր 1997-ի օոգոստոսին ստորագրել և որը նույնպես ապահովում էր Հայաստանի անվտանգությունը»,- ընդգեց Չաքրյանը:
Ամեն դեպքում, քաղաքագետի կարծիքով, նախաձեռնությունը կարևոր է, քանի որ իրերի դրությունն էապես փոխվում է: Եվ եթե դա ռուսական կողմի նախաձեռնությամբ է, ապա «ամերիկյան զարկերակից դուրս ենք գալիս և Ամերիկայի դիրքերը տարածաշրջանում թուլանում են», ինչը Ռուսասատանի համար տարածաշրջանում գերտերություն դառնալու մեծ հնարավորություն է ստեղծում: