Home / Армения / Ադրբեջանը մտադիր չէ դառնալ ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ՆԱՏՕ-ի անդամ

Ադրբեջանը մտադիր չէ դառնալ ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ՆԱՏՕ-ի անդամ

Ադրբեջանը մտադիր չէ ՀԱՊԿ-ի անդամ դառնալ և դրա մասին չի էլ մտածում, լրագրողներին հայտնել է նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է 1news.az-ը:

Հասանովի խոսքերով`  մինչև ՀԱՊԿ-ը Հայաստանի «ագրեսիվ քաղաքականության» համար կոնկրետ պարզաբանումներ չտա, Ադրբեջանն այս կազմակերպության հետ քննարկելու ոչինչ չունի:

«Բացի այդ, 1992 թվականից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության բանակցություններ են ընթանում: Բայց մենք միշտ առաջ ենք քաշել ղարաբաղյան հարցի կարգավորման պայմանները, իսկ այս ուղղությամբ քայլեր դեռ չեն ձեռնարկվել: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ դառնալ, երբ դրա կազմում է ագրեսիվ Հայաստանը»,- ասել է Հասանովը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ անդամագրվել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ ՀԱՊԿ-ին, քանի դեռ այս կազմակերպությունները չեն քննադատել «ագրեսորին»:

Մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը` Հասանովն ասել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խառնվել երկու երկրների հարաբերություններին: