Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսո Պատրիարքարանի նախաձեռնությամբ մատուցվելիք պատարագի կապակցությամբ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել Հայ Առաքելական եկեղեցուն: Վերջին շրջանում գնալ-չգնալու խնդիրը հասարակական քննարկման առարկա է դարձել:
Այսօր այս հարցի շուրջ խոսեցին Մշակույթի նախկին փոխնախարար, թատերագիր Կարինե Խոդիկյանը և Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Ես` որպես ՀՀ քաղաքացի, այդ շոուին չեմ մասնակցի. ես 182 տարվա կռիվ ունեմ թուրքերի հետ»,- հայտարարեց Կարինե Խոդիկյանը և հավելեց, որ Թուրքիան աշխարհին ցույց տալու համար իր տոլերանտությունը դրդել է եկեղեցուն նման միջոցառում նախաձեռնել, մինչդեռ թուրքական կառավարությունն այդ տարածքը վերականգնել է որպես թանգարան, մշակութային կոթող, որը խաչ չունի, չկա որևէ արձանագրություն, որ այն հայկական եկեղեցի է:
«Չեմ ուզում կոմեդիայի մասնակից լինել»,- ասաց Կարինե Խոդիկյանը:
Ռուբեն Բաբայանը, լիովին կիսելով Կարինե Խոդիկյանի կարծիքը, ասաց, որ անձամբ ինքը չի գնա, բայց որևէ կոչ չի անի` ով ուզում է թող գնա:
«Բայց չի կարելի թույլ տալ, որ սա նոր թշնամանքի պատճառ դառնա: Այսօր շատերը երբ խոսում և փառաբանում են Հրանտ Դինքին որպես ազգայնական ներկայացնում, համոզված եմ, նույնիսկ չեն էլ կարդացել նրան: Դինքը ազգայանկան չէր. նա փորձում էր երկու ժողովուրդներին ճիշտ ճանապարհով հաշտեցնել»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
«Ես չեմ ուզում պարտադրված խաղի մասնակից լինել: Մենք տեսանք, թե մոտավորապես 2,5 տարի առաջ սկսված ծափ ու ծիծաղով ողջունված, ֆուտբոլով մկրտված հայկական քաղաքականությունն ինչի բերեց. մենք մտանք մի խաղի մեջ, որտեղ նախապես գիտեինք, որ պարտված ենք: Թանգարանը մի օրով եկեղեցու վերածելն էլ, երբ, հավատացած եմ, ոչ մի խաչ չի դրվելու, պատերի ներսում էլ մոմ չի վառվելու, լինելու է Թուրքիայի հերթական իրական հաղթանակը, իսկ Հայաստանի հերթական բարոյական հաղթանակը: Բոլորիս շնորհավորում եմ այդ առիթով»,- հեգնանքով ասաց Կարինե Խոդիկյանը:
Ռուբեն Բաբայանն էլ հակադարձելով ասաց, որ նեղացած վիճակը ոչնչի չի բերի և հավելեց.
«Եթե նրանք խաղ են անում, ես ուզում եմ աղոթել. խաղ անողի հերն էլ անիծած: Երբ Հրանտ Դինքի համար 1000-ավոր մարդիկ դուրս եկան փողոց, շատերն ասում էին, որ դա ևս խաղ է: Ի՞նչ եք ուզում` հողերը տան, քրդերին հանենք ու գնանք ասենք մենք եկա՞նք: Մենք նույնիսկ մեր երկրում չենք ուզում ապրել, ի՞նչ ենք անելու այդ հողերը:
Միգուցե առաջարկեինք պահպանել իրենց մշակութային կոթողները և պահանջեինք, որ իրենք էլ մերը պահպանեին»:
«Ինձ հողերը պետք չեն. ոչ հող եմ պահանջում, ոչ փող: Ես պահանջում եմ, որ թուրքկան պետությունը իր վրա վերցնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- պատասխանեց Կարինե Խոդիկյանը:
Վերջում Ռուբեն Բաբայանը նշեց, որ ինքն ամեն դեպքում ճիշտ է համարում Հայ Առաքելական եկեղեցու հրավերն ընդունելու փաստը և կարծում է` թուրքահայության համար շատ լավ կլինի, որ մենք գնանք և կանգնենք իրենց կողքին: