Կառավարությունն ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` ընդունված որոշումը շոշափում է հազարավոր մարդկանց շահերը:
Կառավարությունը, հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, հաստատել է «Համաձայնեցված հայտարարագրի և ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինման և ԱՊՊԱ կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը ճանապարհային լուսացույցների և տեխնիկական այլ միջոցների պահպանման և շահագործման նորմատիվները ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պարտականությունը վերապահել է ՀՀ ԿԱ ոստիկանությանը, որին հանձնարարվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնել դրանք։