Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը և պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը:
Նախագահն ընդգծել է հատկապես բանկային, էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում, գործարար միջավայրի բարեփոխումների և կառավարման համակարգի պարզեցման ուղղություններով ՄՖԿ-ի խորհրդատվական ծառայությունների կարևորությունը` նշելով, որ նաև կոնկրետ գործարար ծրագրերին Կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի:
ՄՖԿ-ի գործադիր փոխնախագահ Լարս Թանելը, խոսելով Հայաստանում Կորպորացիայի գործունեության ընդլայնման և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն: