Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել Կոմիտաս 3, 5ա, 7 և 7/1 շենքերի բնակիչները` 10-12 հոգի: Նրանք եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Կոմիտաս 5ա շենքի դիմաց կատարված ծառահատման և նոր բարձրահարկ շենքի կառուցման վերաբերյալ:
Epress.am-ի հետ զրույցում Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը պատմեց, որ մի քանի օր առաջ եկել են մի խումբ մարդիկ, առանց ներկայանալու ասել, որ տարածքում պետք է շինարարություն իրականացվի, իսկ ներկայիս բարձր լարման էլեկտրակայանը պետք է տեղափոխվի մի քանի մետր հեռավորության վրա, այդ իսկ պատճառով տեղի է ունենում ծառահատում:
«Երբ մենք ահազանգեցինք, եկան ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, և դադարեցվեց ծառահատումը: Մինչ այդ ոչ ոք մեզ չէր ներկայացրել քաղաքապետարանի որոշումը, և, ըստ էության, ծառահատումն էլ, բարձրահարկ շենքի կառուցումն էլ անօրինական էին: Բայց հաջորդ օրը Քաղաքապետարանի կայքում հայտնվում է նոր շինության մասին թույլտվություն»,- ասաց մեր զրուցակիցը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման շենք կառուցվի այդ վայրում, որովհետև այն ստվեր է գցելու հենց Կոմիտաս 5ա շենքի վրա: Այսօր էլ եկել ենք Քաղաքապետարանի մոտ, պահանջում ենք հանդիպում քաղաքապետի հետ: Թող ինքը գա, իր աչքով տեսնի` արդյոք կարելի է նման վայրում շենք կառուցել:», – հավելել է Գոհար Սահակյանը:
Նա նաև նշեց, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպել, համապատասխան թղթերն ուղարկել են բոլոր պետական մարմիններին, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցություններին, Մարդու իրավունքների պաշտպանին:
Նույն շենքի մեկ այլ բնակիչ նշեց, որ չի էլ պատկերացնում, թե ինչպես պետք է հարցը լուծվի և ով կարձագանքի իրենց բողոքին:
«Բնակիչներից ոչ մի բան չեն հարցնում, ոչ ոքի կարծիքը չեն հարցնում, անում են այն, ինչ ուզում են», – բողոքեց նա:
Ի դեպ, քաղաքապետարանի մոտ հայտնվեց «պարզապես քաղաքացի», ով մինչև վերջ այդպես էլ չներկայացավ: Երբ ցանկացանք ճշտել, թե արդյոք քաղաքապետարանի շենքի ներսում թույլատրվում է լուսանկարել, ոստիկանը խորհուրդ տվեց դիմել «պարզապես քաղաքացուն», իսկ վերջինս էլ հաստատեց իր «պարզապես քաղաքացի» լինելը և ասաց, որ չունի նման իրավասություն` ասելու` կարելի է, թե ոչ: Սակայն հավաքվածներից մի քանիսը պնդում էին, որ նա հենց Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից է: