Home / Հայաստան / «Ժամանակ». Գյումրեցիները խնդրում են ազատել իրենց «եվրոդագաղներից»

«Ժամանակ». Գյումրեցիները խնդրում են ազատել իրենց «եվրոդագաղներից»

Գյումրի Մուշ-2 բնակիչները երեկ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին` իրենց թաղամասի անորակ շինարարության կապակցությամբ, տեղեկացնում է օրաթերթը:

Տեղեկացնելով, որ մինչ օրս բնակարաններում չկան կենցաղային տարրական պայմաններ` ջուր, գազ, չեն գործում ծխատարները, այդ պատճառով չեն կարող գործել լոկալ ջեռուցման համակարգերը, բնակիչներն անդրադարձել են նաև շինարարական և որակական թերացումներին:

«Յուրաքանչյուր օր թաղամասում ականատես ենք լինում  երեսպատման սալիկների ինքնաքանդմանը, բնակարաններում` լողասենյակներում և սենյակներոմ, պատերի ու առաստաղի ներքին հարդարման առանձին դետալների ինքնափլուզմանը, միջանցիկ քամիներից պոկվող պատուհանների ու դռների, և այս ամենին ի պատասխան` «Գլենդել Հիլզի» ամենակարող «ջոջերի» սին խոստումները և սպառնալիքի նմանվող հորդորները: Հիմա նոր ենք հասկանում, թե ինչու էին մեր համաքաղաքացիները կեսկատակ-կեսլուրջ մեր թաղամասը համարում Գյումրու չորրորդ գերեզմանոց, իսկ բնակարանները` եվրոդագաղներ: Հասկացանք նաև, թե ինչու էր մեր քաղաքապետը Ձեզ շնորհակալություն հայտնում նաև մեր ննջեցյալների անունից, որովհետև այս պայմաններում երկրաշարժին զոհ գնացած մեր հանգուցյալ հարազատները շատ արագ մեզ կարող են տեսնել իրենց կողքին: Ինչևէ, մենք չենք պատրաստվում այդքան շուտ միանալ մեր ննջեցյալներին և կգերադասենք (թերությունները չվերացնելու դեպքում) հրաժարվել այս «հրաշք» բնակարաններից»,-ասված է գյումրեցիների նամակում: