«Հայաստանը գնաց այդ գործարքին, որովհետեւ այս պահին բավականին դժվար իրավիճակում է գտնվում», – հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով հայ – ռուսական ռազմական վերջին համաձայնագիրը:
«Սերժ Սարգսյանը մեծ հույսեր էր կապում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, նա այդ գործում քաղաքական հսկա կապիտալ էր ներդրել, բայց այդ գործընթացն այս տարի ավելի վաղ, ինչպես հայտնի է, ձախողվեց», – նշել է Թոմաս դե Վաալը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ղարաբաղյան բանակցային գործընթացն է փակուղում, և Ադրբեջանն այդ առիթով կրկին աղմկում է: Ուստի` այս իրավիճակում Ռուսաստանն օգտագործեց հնարավորությունն ու այս գործարքն առաջարկեց Հայաստանին: Եվ Հայաստանը, որը չունի փող, որի տնտեսությունը խղճուկ վիճակում է գտնվում, չունի անհրաժեշտ միջոցներ զինամթերք գնելու համար, համաձայնեց էժանագին անվտանգություն ձեռք բերել, կարծում է փորձագետը:
Թոմաս դե Վաալի գնահատմամբ` Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգումն ապահովող վերջին համաձայնագիրը այդքան էլ մեծ գործարք չէր, քանի որ Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը Կովկասում նահանջ են ապրում:
Փորձագետը համոզված է` տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններում այժմ գերակայում է տնտեսական բաղկացուցիչը. շատ ավելի կարևոր է, որ Ռուսաստանը լուրջ մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսության մեջ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրել է Վրաստանը, լուրջ և իրատեսական քաղաքականություն է վարում Ադրբեջանի հետ հարաբերություններում: Եվ նույնիսկ Հայաստանը մեծ թվով գործընկերներ ունի` անդամակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին, լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, շատ գործընկերներ ունի արտաքին քաղաքականության ոլորտում և չի պատրաստվում «բոլոր հավկիթները դնել ռուսական զամբյուղի մեջ»:
Միևնույն ժամանակ, Թոմաս դե Վաալի խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի, Ադրբեջանի նման երկրների ղեկավարներին առաջարկում է այն, ինչ չեն առաջարկում Միացյալ Նահանգները և Եվրամիությունը` քննադատությունից զուրկ մի մթնոլորտ, երբ հարցը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը: Այսինքն, նրանք կարող են համոզված լինել, որ Ռուսաստանից չեն լսի դասախոսություններ կամ խրատներ: Սա գործարք է: Ավելին` Ռուսաստանից այս ռեժիմները կարող են տեխնոլոգիաներ որդեգրել, թե ինչպես, օրինակ, սահմանափակել կամ ճնշել ընդդիմախոսներին:
Բայց, կարծում է Կովկասի հարցերով փորձագետը, Ռուսաստանի հետ հարաբերություններում առանցքային բառակապակցությունը «գործընկերային դաշնակիցն» է, և Ռուսաստանը գիտակցում է, որ տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական թե ռազմական, ամբողջական գերակայության ժամանակներն անցել են, ևւ այդ երկրները, ամեն դեպքում, կհաստատեն հարաբերություններ Արևմուտքի հետ: