«100%-ոց դեղատոմս տալ չեմ կարող, թե ինչի հետ է պայմանավորված կարտոֆիլի թանկացումը: Դրա համար պետք է ոչ միայն լուրջ մասնագետ լինել, այլ նաև լուրջ վերլուծություններ անել, իսկ ես այստեղ եմ եկել առանց այդ վերլուծությունների»:
Նման հայտարարությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասյօր հանդես է եկել ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Պատգամավորը չի կասկածում, որ թանկացումը կապված է բնակլիմայական պայմանների և շուկայական հարաբերությունների հետ: Շարունակելով լրացնել հնարավոր պատճառների ցանկը` նա նշեց. «Բնականաբար, ավելի քիչ են ցանել, որովհետև շուկան միշտ ավելցուկ է ունեցել»:
Պատգամավորի կարծիքով, պետությունը պարտավոր է պաշարներ ունենալ և մոտավորապես կանխատեսել նման իրավիճակները:
Նա նաև անդրադարձավ հացահատիկի գնին` ասելով, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվում հացահատիկի գնի նվազման ուղղությամբ: Հացահատիկի 2/3, նշեց Ալեքսանյանը, ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, որտեղ ևս հացահատիկի թանկացում է նկատվում:
Նշենք նաև, որ պատգամավորը լուրջ չի համարում թանկացումները օլիգարխների հետ կապելը: Ալեքսանյանը 60-70 տոկոսով կապում է դրանք «վատ տարվա» հետ: