Home / Հայաստան / Կոնգրեսը պատրաստվում է փոխել մշակույթի բռնատիրական մոդելը

Կոնգրեսը պատրաստվում է փոխել մշակույթի բռնատիրական մոդելը

Հայ Ազգային Կոնգրեսի մշակույթի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվելու է «Արդի մշակութային քաղաքականության հիմքեր»` հանձնաժողովի անդամների մշակած  փասթաթուղթը:

Ինչպես Epress.am-ին պարզաբանեց նոր մշակութային ռազմավարության համահեղինակ թատերագետ Արա Նեդոլյանը, «Հայաստանում գործող մշակույթի բռնատիրական մոդելը ենթադրում է, որ մշակույթը ստեղծվում է վերևից, ոմն կենտրոնի կողմից, ոմն «մասնագետների» կողմից, և հետո հեռարձակվում, իջեցվում է ներքև, պարտադրվում բոլոր «բնակիչներին», որոնց չի կարելի այդ դեպքում քաղաքացի համարել»:

Փաստաթղթում, ըստ Նեդոլյանի, մշակույթը դիտարկվում է իբրև մարդկանց հասարակությունում հարաբերակցվելու ձև, «ուստի մշակույթի մեջ մտնում է քաղաքական մշակույթ, տնտեսական մշակույթ և այլն»:

«ՀԱԿ-ի և նրա մշակույթի հանձնաժողովի առաքելությունն է կտրականապես բեկել այս իրավիճակը, և սահմանել ապակենտրոնացման հիմնարար եզրն ու արժեքը», – նշել է թատերագետը:

Փաստաթղթում նշվում է, որ մշակույթը ստեղծվում է անհատների ու անհատների ազատ միավորումների կողմից, չկա մեկ մշակույթ, կան մշակույթներ,իսկ մշակութային քաղաքականության հիմքն է, այսինքն՝ պետության դերակատարումը՝ ողջունել, սատարել և պաշտպանել այդ ինքնիշխան մշակույթները, և վավերացնել օրենքի կամ կանոնի ձևով նրանց մեջ ազատորեն ձեռք բերված պայմանավորվածությունները ու հարաբերակցության կանոնները: Պետությունը նոտարի նման մի բան է, նա չի արտադրում մշակույթ, այսպես կոչված «ազգային մշակույթ», նա չի արտադրում նաև քաղաքականություն, նա չի մասնակցում տնտեսությանը: Այդ ամենը անում են ինքնիշխան սուբյեկտները, ամեն մեկն է ինքնուրույն կամ ազատորեն ընտրված իր խմբի կազմում անում դա, իսկ պետությունը միայն պաշտպանում է նրան ոտնձգություններից ու ամրագրում նրա կողմից ուրիշների հետ կնքած պայմանավորվածությունները:

Մշակույթը, ինչպես և քաղաքականությունը, ինչպես և տնտեսությունը, դառնալու են ոչ թե ներկայացուցչական, այլ՝ մասնակցային:

Հիմնադրույթներում նաև ամրագրած են այդ ամենի իրականացման մեխանիզմները, և առաջնայնությունները:

Փաստաթուղթը չի պահանջում իշխանության գալ, իրականացման համար. նա սկսելու է գործել այստեղ և այժմ, փոխելով քաղաքական դաշտը, ձևավորելու մեթոդներն ու սկզբունքները` քաղաքացիների ներգրավվածության ձևը քաղաքական, հասարակական, մշակութային կյանքին :

Դա «Հի-մա» ժանրի փաստաթուղթ է, և չի պահանջում իրականացման համար նախապայմաններ. դա, ինչ-որ իմաստով, Կոնգրեսի սկզբունքային, արմատական մոտեցումների հստակեցումն ու զարգացումն է, իր անելիքի, իր ներքին էվոլյուցիայի հայտը և խոստումը:

Նեդոլյանը նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը և Շարժումը ոչ միայն զուտ քաղաքական երևույթ ու միավոր են, այլ կյանքի արմատական, այսինքն՝ մշակութային հիմքերը վերափոխող շարժում, ընթացք. հենց այդ արմատական փոփոխության, բեկման ձևակերպումներն է տալիս մշակույթի հանձնաժողովի հայեցակարգը, որը, ի դեպ, համահունչ է նաև առողջապահության ու գիտության ու կրթության հանձնաժողովների մշակած հայեցակարգերի հետ:

«Այդ երկու հանձնաժողովները նույնպես եկել են գիտակցման, որ էականը ոչ թե համապատասխան հիմնարկներին ու ինստիտուցիաներին սատարելն է, այլ՝ հիմնական գործող սուբյեկտին, ուսանողին, աշակերտին, գիտնականին, առողջապահության կարիք ունեցող քաղաքացուն», – եզրափակել է Արա Նեդոլյանը: