ՀՀ ֆինանսերի նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կենսաթոշակային կուտակային համակարգի և ֆինանսական շուկայի զարգացման մասին: Թամազյանը տեղեկացրել է, որ կառավարությունը նախաձեռնել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ:
«Ստեղծվել է մի նոր համակարգ, որտեղ ապագա կեսնաթոշակառուներին հնարավորություն է տրվում ապագայում ստանալ կենսաթոշակ մի քանի աղբյուրից` պետությունից, ինքնուրույն կուտակած միջոցներից, կամավոր և պարտադիր կուտակած և այլն: Դիվերսիֆիկացվում է ապագա կեսնթոշակառուի եկամուտների աղբյուրը և հնարավորինս նվազեցվում է նրա կենսական մակարդակի հնարավորությունը` կենսաթոշակի անցնելու պարագայում: Ինչպես գիտեք, հիմա կենսաթոշակը միջինը կազմում է 25 %, իրենց նախկինում վաստակվող
եկամտից, բարեփոխումների արդյունքում ակնկալում եմ, որ կլինի 40-50 %»,- նշեց Կարեն Թամազյանը:
Բանախոսը նշեց, որ ստեղծվում է նոր համակարգ` մասնավոր, կուտակային կենսաթոշակային, որտեղ անձը, իր միջոցները տարիների ընթացքում կուտակելով, հետագայում ստանալու է իր կուտակած միջոցները, գումարած այդ ընթացքում եկած եկամտաբերությունը: Կարեն Թամազյանը նաև նշեց, որ կուտակվում են մեծ միջոցներ, և դա մեծ առնչություն ունի ֆինանսական շուկայի հետ:
«Մեծ առաջարկ է ստեղծվում ֆինանսական միջոցների շուկայում, և այդ պարագայում, իհարկե, ունենք անհրաժեշտություն նաև զարգացնել ֆինանսական գործիքները, ներդրման աղբյուրները: Մտածում ենք, քայլեր ենք ձեռնարկում զարգացնելու համար թե’ պարտատոմսային, թե’ արժեթղթային շուկան»,- ընդգծեց Կարեն Թամազյանը:
Ի դեպ, 2014 թվականից այն անձինք, ովքեր ծնվել են 1974 հունվարի 1-ից հետո, պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, դա, Թամազյանի խոսքով,գրված է օրենքի նախագծում: Իսկ 2011 թվականից գործելու է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը չունի տարիքային սահմանափակում: