Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով epress.am-ի այն հարցին, թե ինչ չի արվում պաշտպանության նախարարության կողմից բանակում աղմկահարույց սպանություններին վերջ դնելու համար, մասնավորապես, ասել է.
«Խնդիրներ կան, որոնք առողջացնելու, լուծելու համար օբյեկտիվ ժամանակ է հարկավոր: Մարդկային առումով մենք բոլորս ունեցանք վշտի զգացողություն: Հետևություններն արված են, կտրուկ արձագանք է տրվել: Բայց հարկավոր է ժամանակ, որպեսզի կադրային ճիշտ, գրագետ քաղաքականության միջոցով հետագայում բացառենք նման դեպքերը: Այն, ինչ արվում է` սկիզբը, շատ հուսադրող է, որովհետև իմ հիշողության մեջ չկա մի դեպք, երբ ինչ-որ գերատեսչության աշխատանքի թերացման պատճառով տասնյակ անձինք պաշտոնազրկվեն, և միայն նման սանկցիաներով չէ, որ խնդիրը լուծվելու է»:
Նա նաև նշել է, որ «չի կարելի ասել, ինչ չի արվել, կարևորը, որ հետևություններն արված են»:
Դավիթ Ջամալյանի պատասխանից հետո լրագրողները հիշեցրեցին բանախոսին, որ պաշտոնազրկումներից հետո սպանության ևս մեկ դեպք է գրանցվել:
Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամը, պարզվում է, տեղյակ չէր օգոստոսի 17-ի սպանությունից, նա լրագրողներից ճշտեց դեպքի մանրամասները` հետաքրքրվելով, մասնավորապես, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել զորամասի տարածքում: Այնուհետև բանախոսը «հատուկ ընգծեց» լրագրողների դերը ստեղծված իրավիճակները շտկելու գործում:
«Պետք է հետամուտ լինել, որ այն անձինք, այն պաշտոնյաները, ովքեր թերացել են, և, ինչպես գիտենք, քրեական գործեր են հարուցվել… պետք է ողջ քննության ընթացքը վերահսկվի: Եթե մենք հիմա չբավարարենք հասարակության կողմից ակնկալվող արժանի պատիժը, ոչ միայն բանակի հանդեպ ենք հանրությանը հուսահատեցնում, այլև ամենաթողության մթնոլորտի վտանգ կա, որ կստեղծվի, եթե մեղավորները չպատժվեն: Ողբերգությունը կանխելու համար մեղավորները` այն պաշտոնյաները, որոնք թերացել են, պետք է իրենց արժանի պատիժը ստանան»: