Հանգամանքների յուրաքանչյուր զարգացման դեպքում ռուս զինծառայողները պաշտպանելու են ոչ թե Ղարաբաղը, այլ Ռուսաստանի շահերը, News24.az-ին տված հարցազրույցում ասել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահ Գեորգի Վանյանը:
Նրա խոսքով` անգամ հակառուսական տրամադրությունները Հայաստանում ամրացնում են «մեր ուղեղի դարավոր ազգային հիվանդությունը` թուրքական սպառնալիքը, ադրբեջանական սպառնալիքը մահացու են, մնացածին պետք է դիմանալ»: Այն մասին, որ այդ սպառնալիքը կարելի է վերացնել, որ կա այլընտրանք` հարևանների հետ երկխոսություն, զիջումներ` հանուն խաղաղության և անվտանգության, ոչ ոք չի խոսում:
Իրավապաշտպանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արձանագրությունում առկա «Հայաստանի անվտանգության պաշտպանությունը» կետը կարող է մի շարք մեկնաբանություններ ունենալ:
«Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է ապահովել իրենց անվտանգությունը նաև Ղարաբաղում: Արդյո՞ք Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանների պաշտպանությունը Հայաստանի շատպանության մի մասն է: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է ստանձնել նաև այդ գործառույթը: Արդյո՞ք սահմանադրական կարգի պաշտպանությունը անվտանգության խնդիր է: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է պատժիչ գործողություններ իրականացնել Հայաստանի ներսում: Կարելի է շարունակել այդ ցուցակը: Հենց դրանում է Ռուսաստանի կողմից քաղաքական շանտաժի ներուժը»: