Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր իր նախագահական նստավայրում հանդիպել է հայազգի և ադրբեջանցի 60 շրջանավարտների հետ: Նա գոհունակություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Վրաստանում կարողացել են իրականացնել հատուկ ծրագիրը, որը ենթադրում է քվոտաների ներմուծում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, հաղորդում է Грузия Online-ը:
Տվյալ ծրագրով այս տարի Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել ընդունելության քննությունները հանձնել իրենց մայրենի լեզվով:
«Ծրագիրը հաջողված կարելի է համարել, քանի որ 3 ուսանողի փոխարեն, որոնք ընդունվել էին անցյալ տարի, այս տարի քննությունները հաջողությամբ հանձնեց 254 շրջանավարտ, որոնք այժմ մեկ տարվա ընթացքում վրացերեն կսովորեն, իսկ հետո հնարավորություն կստանան իրենց նախընտրած բուհերում սովորել», – ասել է Սահակաշվիլին:
Նա հատուկ ընգծել է, որ մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի շրջանավարտներ այս տարի կարողացել են քննությունները հանձնել վրացերեն լեզվով:
«Դա շատ կարևոր հարց է, որովհետև մեր երկրի բոլոր քաղաքացիները պետք է հավասար իրավունքներ ունենան: Վրաստանը չի պատկանում վրացիներին, ոչ էլ հայերին, ադրբեջանցիներին, օսերին, աբխազներին, ռուսներին, այն պատկանում է մեզ բոլորիս` անկախ ազգությունից», – ասել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ մի քանի տարի առաջ, երբ նա մեկնում էր Մառնեուլի և Ախալքալակ, ստիպված էր խոսել ռուսերեն, իսկ արդեն այս տարի նա նույն տարածաշրջաններում է եղել, և այնտեղ արդեն գիտեն վրացերեն և հասկանում են իրեն:
«Բայց վրացերեն լեզու սովորելը չի նշանակում, որ դուք պետք է կորցնեք Ձեր ազգի մշակույթը: Դա մեր մշակույթի մի մասն է, Վրաստանի մշակույթը չի կարելի պատկերացնել առանց հայկական, ադրբեջանական, աբխազական կամ օսական մշակույթների», – երիտասարդներին դիմելով` հայտարարել է Սահակաշվիլին: