Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել միջէթնիկ խմբավորման անդամներին: Այս պահին խմբավորման անդամներից 7-ը ձերբակալբված են, մեկը դաշնային որոնման մեջ է, երկուսն ազատ են արձակվել: Խմբավորման անդամներից մեկը սպանված է:
Օգոստոսի 17-ին այս խմբավորման անդամների դեմ գործ էր հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290 հոդվածով, որն է բանդիտիզմը: Բացված գործը ներառում է ավելի վաղ հարուցված մի շարք գործեր, այդ թվում` սպանություն, մարդկանց առևանգում, գողություն և այլն:
Հետաքննության տվյալներով` հանցավոր խմբավորումը ձևավորել և գլխավորել են Պետերբուրգի բնակիչ 30-ամյա Վիկտոր Պոնոմարենկոն և 27-ամյա ադրբեջանցի Ռամին Ալիևը:
Ձերբակալվածների դեմ հարուցված քրեական գործը ներառում է մի շարք սպանություններ, այդ թվում` հայի: 2008 թվականի դեկտեմբերի 27-ին Ալիևն ու Պոնոմարենկոն անձերը չհաստատված մարդկանց հետ զինված հարձակում են գործել հայ տղամարդու մեքենայի վրա, ինչից հետո հանցագործները նրան ձեռնաշղթաներ են հագցրել, անտառ են տարել և սպանել են: Հանցագործության հետքերը կոծկելու նպատակով` դին մասնատել են, թաքցրել են անտառում, իսկ գլուխն այրել են: