Home / Հայաստան / Ղարաբաղյան համաձայնագրի տեքստը գրեթե պատրաստ է. Լավրով

Ղարաբաղյան համաձայնագրի տեքստը գրեթե պատրաստ է. Լավրով

Մինսկի խմբի գործունեության մեջ տեսանելի արդյունք չկա, քանի որ աշխատանքները խիստ գաղտնի ձևաչափով են իրականացվում: Բայց որպես այդ աշխատանքների մասնակից` կարող եմ ասել, որ ամեն դեպքում արդյունք կա, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն տարիների ընթացքում, որ Ռուսաստանը մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին մեր ամերիկացի, ֆրանսիացի գործընկերների հետ և փորձում է անգամ ինքնուրույն համաձայնության բերել երկու կողմերին, բավական շատ վիճելի հարցեր լուծվել են: Հիմանական սկզբունքներին շուրջ տարվող աշխատանքները նույնպես կոնկրետ արդյունք են տվել ձևակերպումների տեսանկյունից, որոնք այս փուլում հնարավորություն են ընձեռում ամրագրել կողմերի համաձայնությունը», ասել է Լավրովը:

«Մենք գրեթե հասել ենք փոխզիջումային ձևակերպումների: Առաջարկում ենք ամրագրել այն մի քանի հարցերը, որոնք դեռ համաձայնեցված ձևակերպում չունեն` որպես ապագա պարտադիր քննության նյութ: Եվ պետք է հստակ նշել, որ առանց այս հարցերի վերջնական համաձայնություն չի կարող լինել: Սա հնարավորություն կընձեռեր տեսնել առաջընթացը և ցույց տալ, որ բոլոր հարցերն ուժի մեջ են: Կա երկու-երեք վիճելի հարց, որոնց լուծման համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ:

Այս հարցերը և արդեն իսկ կատարած աշխատանքը պետք է ամրագրել: Իսկ հիմնական սկզբունքների ընդունումը` այդ մի քանի չլուծված հարցերի ամրագրմամբ, քաղաքական մեծ ազդանշան կլիներ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հարցի խաղաղ կարգավորման կողմնակից են: Հենց սրան է սպասում ողջ միջազգային հանրությունն ու Եվրոպան»,- մասնավորապես ասել է Լավրովը: