Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման մասին ստորագրված փաստաթղթերը այնքան էլ պարզ չեն հասարակության համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանին խնդրեց պարզաբանել, թե վերջապես ինչ փաստաթուղթ է ստորագրվել: Իգիթյանի կարծիքով` վերջին 4-5 տարիների ընթացքում կնքված փաստաթղթերում առկա կետերն անորոշ են, և միայն ստորագրումից հետո կողմերը դրանք մեկնաբանում են այնպես, ինչպես կամենում են:
Այնուհետև Հովհաննես Իգիթյանը, մատնանշելով «ֆուտբոլային» համաձայնագրի անորոշ տեքստը, ասաց, որ այս անգամ էլ նույնը եղավ. ստորագրումից հետո իշխանության ներակայացուցիչները ոգևորված բազմաթիվ մեկնաբանություներ արեցին, սակայն մի քանի օր հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ոչ մի բան չի փոխվել, միայն 24-ը փոխարինվել է 49-ով` միաժամանակ հայտարարելով, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կառուցում է ռազմավարական գործընկերություն, որ Մեդվեդևն Ալիևի հետ անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի և որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի մեծ գործընկերը:
«Ասածս հետևյալն է, որ եթե մենք որևէ ցանկություն կամ երազանք ունենք ցանկացած պայմանագրից, դա ուղղակի պետք է գրված լինի, և, իմ կարծիքով, դա ավելի հեշտ է անել Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես մենք ասում ենք, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և ցանկացած մեր ասածը պետք է ընդունվի այնտեղ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
«Սուրճի կամ գարեջրի շուրջ հարցներ` այ կոլեգա ջան, դուք C-300-ը Ադրբեջանին տալու եք, թե ոչ, և եթե տալու եք, խնդրում եմ, մի տվեք»,-կատակեց Հովհաննես Իգիթյանն ու ավելացրեց, որ հատկապես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների պարագայում այդ երկրին նույնիսկ մեկ «կալաշնիկովի» փափուշտ չի կարելի տրամադրել:
Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց` նշելով, որ ամբողջ աշխարհն է ասում, որ Հայաստանը և Հայաստանի իշխանությունները իրենց ստանձնած պարտականությունները որպես «տղամարդու տված խոսք» կատարել են:
«Իսկ ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, ապա դրա պատասխանը տվել է ՌԴ նախագահն իր մամուլի ասուլիսի ժամանակ և ասել, որ եթե ռազմական դրություն լինի, մենք պատրաստ ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի սահմանը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: